Ստեղծվել է Հայկական վիրտուալ աստղադիտարանի սերվեր

Ստեղծվել է Հայկական վիրտուալ աստղադիտարանի սերվեր

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի կողմից ստեղծվել է վիրտուալ աստղադիտարանի (ՎԱ) տվյալների շտեմարան, որում գործում են երկնային մարմինների սպեկտրների արտաբերման և աստղագիտական կատալոգների փոխհամադրման ծրագրեր: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:

Շուրջ 4 տարի է, ինչ ինստիտուտը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ, որտեղ դեռ 2005թ. սկսվել է Հայկական ՎԱ նախագիծը:

Հայկական ՎԱ շրջանակներում կառուցվում են համապատասխան միջավայրեր, որտեղ հնարավոր են դառնում աստղագիտական բազմատեսակ տվյալների համատեղ օգտագործումն ու արդյունավետ գիտական հետազոտությունների իրականացումը: 2002-ից գործում է ՎԱ միջազգային ալյանսը, որը ներկայումս միավորում է 17 երկրների ազգային ՎԱ նախագծեր: Հայկական ՎԱ այդ ալյանսի անդամ է 2005 թվականից:

Հայկական ՎԱ սերվերում այժմ գործում է կատալոգների փոխհամադրման նոր ծրագիր, որն իր աշխատանքի սկզբունքով և ճշգրտությամբ գերազանցում է աշխարհում գործող նմանատիպ այլ ծրագրերը: Դրա հիման վրա արդեն կատարվում են գիտական հետազոտություններ, մասնավորապես Հայկական ՎԱ Բյուրականում գործող գիտական խմբի կողմից:

Տվյալների շտեմարանը հնարավորություն է ստեղծում դինամիկորեն մեծացնել պահվող տվյալների քանակը` ավելացնելով նոր պատկերներ, որոնք անընդհատ կերպով ստացվում են նորանոր դիտումների արդյունքում: Չկան խիստ սահմանափակումներ ավելացվող տվյալների ծավալների համար, քանի որ ներդրվել է մեծ ծավալի հիշողության տարր, որը գերարագ կապով միացված է սերվերին` ստեղծելով գրիդ տեխնոլոգիաներին համապատասխան կառուցվածք:

Փոխհամադրման ծրագիրը ներդրվել է համացանցային էջում` Հայկական ՎԱ միջավայրում, ինչը թույլ է տալիս աստղագետներին առցանց ռեժիմում կիրառել փոխհամադրման նոր արդյունավետ մոտեցումը:

Հիշեցնենք, որ Հայկական ՎԱ ստեղծվել է Բյուրականյան առաջին սպեկտրային շրջահայության (Մարգարյանի շրջահայության) թվայնացման արդյունքում, որը Հայաստանում թվայնացման նախագծերի մեջ առաջինն էր (2002-2005թթ.): Վերջերս այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի«Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---