ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵԽԽՎ ԿՍԿՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ԼՍՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանին կներկայացվի Հայաստանում դիտարկման վերաբերյալ զեկույցը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով` ավելի վաղ ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստում ներկայացվել էր զեկույցի նախնական տարբերակը, որում ընդգրկվել էին հայկական կողմի մի շարք առաջարկություններ: Հայ խորհրդարանականների առաջարկությամբ, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման ժամկետը երկարացվել է մինչեւ 2005 թվականի հուլիսը: Նշենք, որ նախկինում ԵԽԽՎ-ը պնդում էր անցկացնել հանրաքվեն 2004 թվականին: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ զեկույցի կետը, որը կրում է «Հայ-ադրբեջանական հարաբերություններ» անվանումը, վերանվանվել է «Լեռնային Ղարաբաղի խնդրի»: Փոխխոսնակի խոսքերով` Հայաստանում անցկացված խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծումների մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու նպատակով ԵԽԽՎ-ն վերջնական ժամկետը սահմանել է մինչեւ 2004 թվականի վերջը: Այդ առնչությամբ, Տ. Թորոսյանն ընդգծել է, որ պետք է պատժվեն բոլոր մեղավորները, անկախ զբաղեցրած պաշտոններից: Դրա հետ մեկտեղ, փաստաթղթում նշվում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: Տ. Թորոսյանի խոսքերով` առայժմ չկատարված պարտավորությունների թվում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, ինչպես նաեւ ընտրական օրնսդրության եւ դատաիրավական համակարգում անցկացվելիք բարեփոխումները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---