Վ.Օսկանյանը առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին փորձագետների խումբ գործուղել Նախիջեւան

PanARMENIAN.Net - Փարիզում գտնվելու ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկման հիմնական նյութը Հայաստանի հարեւան երկրներում հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի եւ պահպանման հարցն էր: Այդ կապակցությամբ ՀՀ արտգործնախարարը կրկին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձաններին սպառնացող վտանգի, մասնավորապես անցյալ տարվա վերջերից Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր տապանաքարերի եւ խաչքարերի ծրագրված եւ հետեւողական ոչնչացման վրա: Հիշեցնելով այդ կապակցությամբ գլխավոր տնօրենին ուղղված իր նամակը եւ նրան հանձնելով ավերածությունների վերաբերյալ համապատասխան նյութեր` Վ. Օսկանյանը Կ. Մացուուրային առաջարկեց հնարավորինս շտապ փորձագետների խումբ ուղարկել Նախիջեւան` տեղում ավերածությունների փաստը հաստատելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Իր հերթին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը մտահոգություն հայտնեց վիճակի կապակցությամբ` նշելով, որ ստանալով այդ ահազանգը` նա հանձնարարել է իր աշխատակիցներին մանրակրկիտ ուսումնասիրել նյութը եւ տեսնել, թե ինչ կարելի է անել: Նույն երեկոյան Վ. Օսկանյանը Փարիզից մեկնեց Բեռլին, ուր նախատեսված են աշխատանքային մի շարք հանդիպումներ գերմանացի գործընկերների հետ:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---