Այսօր Հայաստան-ԵՄ համագործակցությունը իրականություն է, եւ այժմ Երեւանը պետք է ամրապնդի իր դիրքերը Եվրոպայում

PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրոպան եւ Ասիան կապող խաչմերուկ է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ եւ ցանկալի է, որպեսզի այս երկրում ամրապնդվեր կայունությունը: Այդ մասին Երեւանի պետական համալսարանում ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը:



Նրա խոսքերով, Հայաստանն արդեն վստահորեն հայտնել է իր արտաքին քաղաքականության եվրոպամետ ուղղվածության մասին եւ այսօր Հայաստան-ԵՄ համագործակցությունը ոչ թե ցանկություն է, այլ իրականություն: Կարոլոս Պապուլիասի խոսքերով, այժմ Հայաստանը պետք է ամրապնդի իր դիրքերը Եվրոպայում, ինչի արդյունք կդառնա ավելի սերտ տնտեսական, տեխնիկական համագործակցությունը, իսկ քաղաքական երկխոսությունը կդառնա ավելի կառուցողական, ինչը իր հերթին թույլ կտա հարթել եղած հակամարտությունները եւ կբերի Հայաստանի եւ Եվրամիության էական մերձեցմանը: Նախագահը նկատել է, որ եկել է ժամանակը, որ որոշ հարցերում անցում կատարվի դիմակայությունից համագործակցության: Նա նշել է Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք երկար տարիների ընթացքում հակամարտության մեջ էին, իսկ այժմ դարձել են դաշնակիցներ: Հենց համագործակցությունն է, ըստ Կարոլոս Պապուլիասի, որ թույլ չի տա նոր սահմաններ հայտնվեն տարածաշրջանում, հատկապես այն շրջաններում, որտեղ բախվում են գերտերությունների շահերը:



Հունաստանի նախագահը նկատել է, որ պատմությունը ոչ միշտ է գթասիրտ, սակայն երբեմն անհրաժեշտ է վիրավորվածներին գթասիրտ լինել վիրավորղների նկատմամբ, այն պայմանով, որ վերջիններս կընդունեն իրենց մեղավորությունը: Նույն Գերմանիայի օրինակով Կարոլոս Պապուլիասը ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Գերմանիան, ճանաչելով իր սխալները, կարողացավ ձեւափոխվել եւ կարճ ժամանակահատվածում դառնալ եվրոպական տնտեսության լոկոմոտիվը: Միեւնույն ժամանակ, Հունաստանի նախագահը նշեց Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը, որտեղ էներգակիրների համար պայքարը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում: «ԵՄ-ն պետք է իրականացնի իր գործնեությունը հանուն տարածաշրջանային կայունության, սանձի պայթյունավտանգ իրավիճակների գոյացումը եւ տարածաշրջանն ավելի օրինակելի դարձնի ապագա սերունդների համար»,- ընդգծել է նա: Խոսելով Հայաստանի եւ Հունաստանի շահերի ընդհանրությունների մասին` Կարոլոս Պապուլիասը նշել է, որ այդ երկու երկրները հանդես են գալիս հօգուտ Ռուսաստանի եւ ԵՄ հարաբերությունների մերձեցման, նկատելով, որ այդ գերտերությունը իր ներդրումը կարող է ունենալ աշխարհում կայունության ապահովման գործում: Հունաստանի նախագահը նշել է, որ նա եւ իր շրջապատը հանդիսանում են հայկական արվեստի մեծ սիրահարներ, ինչպես նաեւ, որ Հունաստանն ու Հայաստանն ունեն բազմադարյա մշակութային եւ պատմական կապեր:



Հանդիպմանը ներկա Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձրաստիճան հյուրին ոսկե մեդալ է հանձնել, ինչպես նաեւ շնորհել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---