Երեւանում բացվել է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել այսօր Հայաստանի ԱԳՆ-ում: Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի եւ Ուկրաինայի փոխարտգործնախարարներ Գեղամ Ղարիբջանյանն ու Կոնստանտին Ելիսեեւը, հայ եւ ուկրաինացի դիվանագետներ, Հայաստանի քաղաքական գործիչներ եւ գիտնականներ: Ցուցահանդեսին ներկայացվել են արխիվային փաստաթղթեր եւ լուսանկարներ երկկողմ դիվանագիտական կապերի մասին:



Իր ելույթում Գեղամ Ղարիբջանյանը ընդգծել է, որ չնայած այն փաստին, որ Հայաստանն ու Ուկրաինան համեմատաբար վերջերս են անկախացել, դիվանագիտական հարաբերությունները Առաջին Հայաստանի Հանրապետության եւ Ղրիմի Ժողովրդական Հանրապետության միջեւ հաստատվել են դեռեւս 1918թ.: «Մենք հարուստ փորձ ունենք եւ մեր ուկրաինացի գործընկերների հետ ակտիվորեն կաշխատենք ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլ նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության զարգացման ուղղությամբ»,-նշել է ՀՀ փոխարտգործնախարարը:



Իր հերթին Կոնստանտին Ելիսեեւը նշել է, որ ցուցահանդեսի բացումը վկայում է այն նշանակության մասին, որ Ուկրաինան տալիս է հայ-ուկրաինական հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում: «Հարաբերությունների 90-ամյակը դատարկ ձեւականություն չէ: Դա մեր բարեկամության եւ համատեղ անցած ճանապարհի վկայությունն է: Մենք պետք է ուսումնասիրենք այդ փորձը եւ միասին արդյունավետ ապագա կառուցենք»,-ասել է նա: Ելիսեեւը նաեւ բերել է մոտ 300 արխիվային փաստաթղթեր, որոնք վկայում են հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյա ուղու մասին: «Մենք հիշում ենք մեր անցյալը, սակայն կանգ չենք առնում հասածի վրա: Կան բոլոր պայմանները երկկողմ համագործակցության զարգացման համար, հատկապես, տնտեսության ոլորտում»,-նշել է Կ.Ելիսեեւը:



Ցուցահանդեսից հետո տեղի կունենա միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական փուլը, որի ընթացքում կողմերը կքննարկեն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում կայանալիք Տնտեսական զարգացման միջկառավարական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին քննարկվելիք հարցերը:



Նշենք, որ 2007թ. ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ կազմել է 250 մլն դոլար, Հայաստանի առեւտրային գործընկերների ցուցակում Ուկրաինան 3-ն է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---