Համաշխարհային հանրությանն իր տեսակետը պարտադրելու Բաքվի փորձերը սպառնալիքի տակ են դնում բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - «Տարբեր միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների միջոցով իր դիրքորոշումը որպես համաշխարհային հանրության կողմից ընդունված կարծիք ներկայացնելու Ադրբեջանի փորձերը լուրջ վնաս են հասցնում եւ վտանգում են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Բաքվի հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Ըստ Է.Նալբանդյանի, Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը եւ միջազգային հանրության կարծիքի իրական պատկերը, կարծում եմ, արտահայտվել է մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի քվեարկության ժամանակ, երբ Մինսկի խմբի համանախագահները դեմ քվեարկեցին, իսկ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում Եվրոպական միության բոլոր անդամ երկրները հրաժարվեցին աջակցել այդ դիրքորոշմանը` այսինքն ձեռնպահ քվեարկեցին, այն պատճառով որ այդ բանաձեւը ուներ միակողմանի բնույթ, առանձնացնում էր տարածքային ամբողջականությունը, անտեսելով ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը:



«Այսօր բանակցություններն ընթանում են ԵՍՀԿ հիմնարար փաստաթղթերի եւ սկզբունքների հիման վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի 2-րդ հոդվածի` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, 4-րդ հոդվածի, որը հիշատակում է տարածքային ամբողջականությունը եւ 8-րդ հոդվածի, որտեղ ամրագրված է ինքորոշման իրավունքը»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---