Երեւանում բացվել է «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 2-ին բացվել է «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են շուրջ 70 լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք ծանոթացնում են Օսմանյան կասյրությունում հայկական սպորտային ակումբների եւ ֆուտբոլային թիմերի ձեւավորման պատմությանը:



«Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի զարգացումը սկսվում է 19-րդ դարի վերջից, երբ սկսեցին ձեւավորվել առաջին սպորտային ակումբներն ու խմբակները: Սուլթան Աբդուլ Համիդի օրոք ֆուտբոլով կամ այլ սպորտաձեւով զբաղվելը խստիվ արգելվում էր: 20-րդ դարի սկզբին Կոնստանդինոպոլսում եւ Զմյուռնայում հիմնվեցին առաջին ֆուտբոլային թիմերը»,-ասաց Հայոց ցեղաասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա նշեց, որ հենց այդ շրջանում հայտնվեցին պրոֆեսիոնալ մարմնամարզական կրթություն ստացած մարզիկները` Շավարշ Քրիսյանը, Մկրիտչ Մկրյանը, Վահան Չերազը, Չոլոլյան եղբայրներն ու մյուսները, որոնք զգալի դերակատարություն են ունեցել Օսմանյան կայրսության հայության շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության առաջացման եւ զարգացման գործում:



«Առաջին սպորտային հանդեսի` «Մարմնամարզիկի» լույս ընծայումը եւս մեկ խթան հանդիսացավ կայսրության հայ բնակչության շրջանում սպորտի զարգացման համար եւ արդեն 1911-1914թթ. հայկական սպորտային ակումբների մասնակցությամբ Կոնստանդինոպլսում կազմակերպվեցին Հայկական օլիմպիական խաղեր»,-ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը եւ նշեց, որ Առաջին աշխարհամարտի նախաշեմին միայն Կոնստանդինոպոլսում գործում էին շուրջ 40 հայկական ակումբներ, որոնք մասնակցում էին տաբեր լիգաներում թիմային եւ միջազգային մրցաշարերի: Ըստ Դեմոյանի, բազմաթիվ հայ մարզիկներ դարձան Հայոց ցեղասպանության զոհերը, իսկ հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցրեց իր գոյությունը:



«Այս թեման դեռեւս լիովին չի հետազոտվել, եւ մենք կշարունակենք նյութեր հավաքել Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի առանձնահատկությունների լիարժեք ուսումնասիրության համար»,-ընդգծել է Հայկ Դեմոյանը: Նա նաեւ նշել է, որ ցուցահանդեսն արդեն հետաքրքրություն է առաջացրել թուրքական շրջանակներում եւ հնարավոր է, որ նրա ցուցանմուշները ներկայացվեն նաեւ Թուրքիայում:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---