Գյուլի` Երեւան կատարած այցից հետո հայկական կողմի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է մի շարք թուրքական ԶԼՄ-ների հետ, որոնք Երեւան էին ժամանել` 2010թ. ԱԳ-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը լուսաբանելու, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատասխանելով Հայաստանի նախագահի հրավերով Թուրքայի նախագահի Երեւան կատարած այցի մասին հարցին, Էդվարդ Նալբանդյանն այն բնորոշել է որպես պատմական այցելություն, որը կարող է լուրջ խթան լինել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար, ինչն իր հերթին կնպաստի մեր տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանը: Արտաքին քաղաքականության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները իր հարեւան երկրի հետ: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ու ԱԳՆ ղեկավարների հանդիպումներից հետո հայկական կողմի մոտ տպավորություն է ստեղծվել, որ նույն ցանկությունն ունեն նաեւ Թուրքիայի ղեկավարները:



Վերլուծելով Երեւան Աբդուլլա Գյուլի այցի միջազգային արձագանքները, Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումն իր վրա էր բեւեռել միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը եւ դարձել միջազգային լրատվության թիվ մեկ լուրը, իսկ դիվանագիտական տերմինների շարթում ընդգրկվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» հասկացությունը:



Հանդիպման ավարտին, շնորհակալություն հայտնելով թուրք լրագրողներին, ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ նրանց հարցերը, ինչպես նաեւ նախկինում հրապարակված հոդվածները դրական են լուսաբանել Աբդուլլա Գյուլին ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ նպաստել այցի իրականացմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:



Թուրք լրագրողներն, իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին անմիջական զրույցի համար, հավաստիացնելով, որ շարունակելու են հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված իրենց ջանքերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---