Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը և բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաև պահպանվող տարածքների կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) 5․45 մլն դոլարաջակցություն և Շվեդիայի կառավարության կողմից 3․65 մլն դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաև բարելավելու լանդշաֆտների կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը։
Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքը, մեղմել անտառների մասնատվածությունը, բարձրացնել ծառածածկույթի խտությունն ու բարելավել անտեսված և լքված ջրաճահճային տարածքների կառավարումը:
Ծրագիրը կխթանի նաև կայուն տնտեսական գործունեությունը և էկոլոգիապես կայուն աշխատատեղերի ստեղծումը ընտրված գյուղական համայնքներում: Նոր և վերականգնված անտառներն ու ջրաճահճային տարածքները կնպաստեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կբարձրացնեն երկրի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: