ԵՐԵԿՈՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի շրջագայության Հարավային Ամերիկայի երկրներ: Նա կայցելի Արգենտինա, Ուրուգվայ եւ Բրազիլիա: Վաղը առավոտյան Բուենոս-Այրեսում նախագահը ծաղկեպսակ կդնի գեներալ Խոսե դը Սան-Մարտինի հուշարձանին, որից հետո կուղղվի Արգենտինայի նախագահ Էդուարդո Դուալթեի նստավայր, որտեղ կկայանան երկու պետությունների ղեկավարների բանակցությունները: Բանակցությունների ավարտից հետո կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր մշակույթի, զբոսաշրջության, օդային հաղորդակցության եւ սեյսմիկ պաշտպանության ոլորտներում: Երկկողմ այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կայցելի Բուենոս-Այրեսում Հայաստանի դեսպանատուն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հայկական եկեղեցի, կմասնակցի Հայ ընդհանուր բարեգործական միության շենքի պատին հուշատախտակի բացման արարողությանը: Մայիսի չորսին Սերվանտեսի անվան թատրոնում նախագահը կհանդիպի Արգենտինայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի հինգին նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոնթեվիդեո: Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ կդնի Ուրուգվայի մայրաքաղաքի «Արմենիա» հրապարակում գտնվող հուշահամալիրին: Նախատեսվում են այցելություններ Սուրբ Ներսես Շնորհալու հայկական եկեղեցի եւ Մոնթեվիդեոյի ազգային գրադարան: Հայաստանի ղեկավարը կհանդիպի Ուրուգվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի վեցին Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ կդնի գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին Անկախության հրապարակում, որից հետո կկայանա Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ուրուգվայի նախագահ Խորխե Բատժենի հետ: Կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին, առեւտրա-տնտեսական, ագրար-արդյունաբերական եւ բժշկության ոլրտներում համագործակցության վերաբերյալ: Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունը կմեկնի բրազիլական Սան-Պաուլու քաղաքը, որտեղ ՀՀ նախագահը կհանդիպի Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի յոթին կկայանա Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Բրազիլիայի նախագահ Էնրիկե Կարդոզոյի հետ, որից հետո կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր առեւտրա-տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ առողջապահության եւ բնապահպանության ոլորտներում: Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ բրազիլական խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ: Մայիսի 8-ին Հայաստանի նախագահը կայցելի Սան-Պաուլոյի Արդյունաբերողների միություն, որտեղ կբացվի հայկական արտադրանքի ցուցահանդես: Մայիսի իննին հայկական պատվիրակությունը հանրապետության նախագահի գլխավորությամբ կվերադառնա Երեւան:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---