«Ժառանգություն» կուսակցության երիտասարդական միությունը կոչ է անում պաշտպանվել եւ հակահարված տալ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտոնյաների վերջին ռազմաշունչ հայտարարությունների առնչությամբ: «Մենք` «Ժառանգություն» կուսակցության երիտասարդներս, համարելով, որ խաղաղությունն անանց արժեք է եւ քաջ գիտակցելով, որ պատերազմը երկու կողմերին էլ կբերի անհամար արհավիրքներ ու բազմաթիվ զոհեր, մերժում ենք ռազմական եղանակով ցանկացած խնդրի լուծում եւ դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության կողմից սեփական ժողովրդին ռազմատենչ հիստերիայի մեջ ներքաշելու եւ նոր պատերազմի մղելու սադրանքը: Այդուհանդերձ, մենք գտնում ենք, որ պատերազմը կանխելու լավագույն ձեւը դրան պատրաստ լինելն է: Հայկական երկու պետություններն ու հասարակությունները ստեղծված իրավիճակում արցախյան ռազմաճակատում մարտական գործողությունների հնարավոր վերսկսմանը նախապատրաստվելու նպատակով պետք է ձեռնարկեն համարժեք արտակարգ գործողություններ:



Մենք կոչ ենք անում. ՀՀ Ազգային ժողովին` անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ստեղծելով պայմաններ անհրաժեշտ պահին ՀՀ նախագահության կողմից ԼՂՀ-ի գործադիր ճանաչման, ինչպեսեւ բոլոր ոլորտներում` ներառյալ պաշտպանության եւ անվտանգության, ՀՀ-ԼՂՀ երկկողմ միջպետական պայմանագրերի կնքման համար: Երկրերդը, ՀՀ կառավարությանը` վերանայել 2010թ. ՀՀ բյուջեի նախագիծը եւ վերականգնել ՀՀ ռազմական ծախսերի առնվազն 2009թ. մակարդակը, ինչպեսեւ շեշտակի ավելացնել ԼՂՀ-ին հատկացվելիք միջպետական վարկի ծավալները:



Առաջարկել ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարություններին`

1. ողջ չափահաս բնակչության շրջանում կազմակերպել քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաեւ մարտական գործողություններին մասնակցելու անհրաժեշտ ունակությունների եւ հմտությունների վերապատրաստման դասընթացներ ու վարժանքներ.

2. մշակել եւ հասարակություններին ներկայացնել ռազմական գործողությունների պայմաններում քաղաքացիական հասարակություն-բանակ փոխգործակցության գործուն ծրագիր»,-ասվում է հայտարարության մեջ:



Հայտարարությունով նաեւ կոչ է արվում ՀՀ ԱԳՆ-ին` պաշտոնական նոտա ուղղել ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ դաշնակից եւ ռազմական գործընկեր համարվող ՌԴ ԱԳՆ-ին` պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական մատակարարումները եւ ռազմական համագործակցությունը, որոնք մինչ օրս իրականացվում են Մոսկվայի եւ Բաքվի միջեւ 2006թ. եւ 2008թ. կնքված համաձայնագրերի շրջանակներում կամ դրանցից դուրս:



«Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդությանը` համախմբվել եւ թուլ չտալ որեւէ միակողմանի զիջում Արցախի հարցում, իսկ անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին տեր կանգնել մեր հայրերի կռած հաղթանակներին: ՀՀ կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններին` հանդիպել եւ քննարկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:



Այս բոլոր գործողություններն օգտակար կլինեն անգամ այն դեպքում, եթե Ադրբեջանի ղեկավարության` պատերազմը վերսկսելու սպառնալիքները կրում են բացառապես քարոզչական բնույթ: Հակառակ դեպքում, եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սանձազերծի ԼՂՀ-ի եւ Հայաստանի Հանրապետության դեմ` հայկական զինված ուժերը վստահաբար կպահպանեն նախկինում կրած հաղթանակների լավագույն ավանդույթները եւ չեն սահմանափակվի միայն ինքնապաշտպանությամբ, այլ կզարգացնեն հակահարձակումը եւ կազատագրեն հայկական Գարդմանը` ներառյալ Գանձակը, ինչպեսեւ Նախիջեւանը` ապահովելով Հայաստանի եւ Արցախի անվտանգությանն անհրաժեշտ նոր բուֆերային գոտիներ»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---