Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկում են ղարաբաղյան հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը քննարկում են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:



«Մենք միասին կքննարկենք ընթացիկ օրակարգը` ե'ւ տնտեսական կապերը, ե'ւ մեր կապերն արտաքին քաղաքական ոլորտում: Կխոսենք գլոբալ խնդիրների մասին, այն լուրջ նախագծերի մասին, որոնցով զբաղվում ենք: Իհարկե, կխոսենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, այն մասին, թե ինչ անել այս տարի»,- ասաց Մեդվեդեւը հանդիպման սկզբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Նա հույս հայտնեց, որ «ճգնաժամային պիկեն կավարտվի եւ կաշխատեն այն գործիքները, որոնց մասին մենք պայմանավորվել էինք` ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ ռազմական ու արտաքին քաղաքական համագործակցության ոլորտում»:



Սարգսյանն իր կողմից նշեց, որ նոր տարում սա իր առաջին միջազգային այցն է: «Ժամանակը շատ հարմար է` թույլ է տալիս ամփոփել 2009 թվականին ռուս-հայկական փոխհարաբերությունների ամրապդնման ուղղությամբ մեր աշխատանքը եւ նոր ծրագրեր նախանշել 2010 թվականի համար»,- ասաց Հայաստանի նախագահը:



Նրա խոսքով, անցյալ տարվա ընթացքում հաջողվեց ակտիվացնել երկու երկրների տնտեսական եւ հումանիտար հարաբերությունները: «Շնորհակալ ենք Ձեզ եւ Ռուսաստանին մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված մեր նախաձեռնություններն օժանդակելու համար: Մենք շահագրգռված ենք բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, եւ այս առումով մենք ոչ միայն ռազմավարական դաշնակիցներ ենք, այլեւ, երեւի, միատեսակ ենք մտածում»,- ասաց նա: «Այո, իհարկե, միանշանակ»,- համաձայնեց Մեդվեդեւը:



ՌԴ նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ քաղաքական կապերը բավական ակտիվ են զարգանում. ե'ւ 2008-ին, ե'ւ 2009-ին բարձրագույն մակարդակով վեց-յոթ հանդիպում կայացավ:



Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---