Յալըմ Էրալփ. Ոչ պատմաբանները, ոչ էլ խորհրդարանները չեն կարող եզրակացություն տալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Իրավական տեսակետից թուրքական կառավարությունն իրավունք չունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրա համար չկա միջազգային դատական կառույցների որոշումը: Քանի դեռ միջազգային դատարանը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չի ճանաչել, Թուրքիայի ոչ մի կառավարություն իրավունք չունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրք նախկին դիվանագետ, արտաքին քաղաքական գծով փորձագետ Յալըմ Էրալփը: Նա ավելացրեց, որ ինքն անձամբ չի ժխտում, բայց եւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքով, աշխարհի տասնյակ երկրների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը դատական որոշում չէ:



«Ինձ արդեն սկսում է զայրացնել թուրքական կառավարության քաղաքականությունը, որը հայտարարում է, որ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ է պարտություն կրել այդ հարցում: Իսկ եթե մենք մեկ ձայնի տարբերությամբ հաղթեինք, արդյո՞ք մեկ երկրի խորհրդարանի որոշումը կվերափոխի պատմությունը»,- ասել է նախկին դեսպանը:



Պարզելու համար` արդյոք Հայոց ցեղասպանությունը եղել է, թե ոչ, Յալըմ Էրալփը Հայաստանին եւ Թուրքիային առաջարկում է հայտ ներկայացնել Իրավարար դատարան: «Ես վստահ եմ, որ պատմաբանները չեն կարող եզրակացություն տալ Ցեղասպանության հարցում»,- ասել է փորձագետը` ավելացնելով, որ ամեն դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն անհրաժեշտ է շարունակել:



Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---