ԵՄ հետ համագործակցությունը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը

ԵՄ հետ համագործակցությունը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը

PanARMENIAN.Net - ԵՄ հետ համագործակցությունը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Այդ մասին ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նաև նշեց, որ այս հարցը հետաքրքրում է ԵՄ-ին, ինչի մասին վկայում են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների վերջերս հաճախակի դարձած այցելությունները Հայաստան:

Նալբանդյանի խոսքերով, Ֆյուլեի այցը լավ առիթ է Հայաստան-ԵՄ օրակարգի հարցերը քննարկելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարելիք այցից առաջ կողմերի միջև համագործակցությունը խորացնելու համար: “Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական և տնտեսական գործընկեր: ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են վերընթաց զարգացման փուլում, համագործակցությունը ԵՄ հետ նոր որակական մակարդակի վրա է դրվել Արևելյան գործընկերության մեկնարկով”,- ասել է Նալբանդյանը: “Այս առումով հայկական կողմը հատկապես կարևորում է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը և ասոցիացման համաձայնագրի կնքնման բանակցությունների մեկնարկը”,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նալբանդյանը նաև հայտնեց, որ Ֆյուլեի հետ հանդիպմանը քննարկել են Արևելյան գործընկերության ամրապնդումը:Նա, ինչպես նաև Շտեֆան Ֆյուլեն, հույս հայտնեց, որ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում կընդլայնվի:

Իր հերթին, Ֆյուլեն ասաց, որ ԵՄ-ն ռազմավարական հետաքրքրություն ունի և ցանկանում է իր արևելյան հարևանների կայունությունը և զարգացումը: “Մենք ուրախ ենք, որ Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը զարգանում է, ինչը մեր հարաբերությունները նոր մակարդակի վրա է բարձացնում”,- ասել է Ֆյուլեն: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կողմերը սկսելու են ասոցիացման համաձայնագրի բանակացությունները: “Հուսով եմ, որ այդ համաձայնության մասը կդառնա այսպես կոչված տնտեսական ինտեգրացիան, այսինքն ազատ առևտրի գոտու ստեղծումը”,- ասել է նա, ավելացնելով, որ դա ուղղակի համաձայնություն չէ, այլ արդյունավետ գործիք, որը ԵՄ-ն առաջարկում է Հայաստանին, որպեսզի օգնի նրան ավելի մոտ լինել Եվրոպային և ինտեգրվել եվրոպական շուկաներ: Նրա խոսքերով, քննարկվել է նաև աջակցության հարցը, որը ԵՄ-ն ցուցաբերում է Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու գործընթացում:

Անդրադառնալով ԵՄ նոր մուտքի արտոնագրի հարցին, Ֆյուլեն ասաց, որ դա արվել է ԵՄ գործընկերների համար ավելի թափանցիկ համակարգ ստեղծելու համար: “Դա շատ կարևոր քայլ է ԵՄ անդամ-երկրների հետ մերձենալու համար”,- ասել է նա: Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիների համար այս ռեժիմն օգտակար կլինի:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---