Ջոն Պրեսկոտ. Թե իշխանությունները և թե ընդդիմությունը պետք է հասկանան իրենց առաքելությունը ժողովրդավարական գործընթացներում

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտին և Ակսել Ֆիշերին: Հանդիպման հենց սկզբում պրն. Պրեսկոտը նշելով, որ մարտի մեկից հետո սա իր 6-րդ այցելությունն է Հայաստանի Հանրապետություն, նկատեց , որ թեև որոշ դրական փոփոխություններ կատարվել են այս ժամանակահատվածում, ինչը ողջունում են, այդուամենայնիվ կան դեռ լուծման կարիք ունեցող խնդիրներ:

«Մեր խնդիրն է ծանոթանալ և ապա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին զեկուցել, թե որքանով է Հայաստանը կատարել ստանձնած պարտավորությունները և ինչ խնդիրներ կան այսօր»,- ասաց լորդ Ջոն Պրեսկոտը:

Համազեկուցողների ուշադրության առանցքում ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, «Ժողովներ, հավաքներ , երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները, արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումները, 2008թվականի մարտյան իրադարձություններից հետո անազատության մեջ գտնվող անձանց խնդիրները:

Դրական գնահատելով, որ որոշ մարդիկ համաներմամբ ազատ են արձակվել, այդուամենայնիվ դեռևս կան անազատության մեջ գտնվող մարդիկ, ասաց պարոն Պրեսկոտը, միևնույն ժամանակ որպես անհաջողություն գնահատելով այն փաստը, որ չհաջողվեց մարտյան իրադարձությունների առնչությամբ անկախ հետաքննություն իրականացնել:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացնելով այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները, միևնույն ժամանակ նկատեց. «Ցավալի է, որ մարտյան դեպքերից երեք տարի անց մենք դեռ շարունակում ենք խոսել հետընտրական իրադարձությունների մասին: Հետընտրական այս զարգացումները հնարավորություն չեն տալիս քաղաքական իշխանություններին լիարժեքորեն իրականացնել բարեփոխումները»:

Այդուամենայնիվ, մինչև հաջորդ ընտրությունները ավելի քան մեկ տարի ժամանակ կա, որը բարենպաստ ժամանակահատված է բարեփոխումներն իրականացնելու համար: Հաջողության դեպքում կլինեն երաշխիքներ բարենապաստ մթնոլորտում ընտրություններ անցկացնելու համար:

ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց «Ընտրական», «Հավաքների ազատության» օրենքներում մշակված փոփոխությունները, որոնք նախատեսվում են քննարկել Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում: Նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց նաև քրեական դատարավարության օրենսգրքի նոր մշակված հայեցակարգը, դատական, քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

«Խնդիրները քաջածանոթ են մեզ և չենք փորձում թաքցնել դրանք, բայց չենք ուզում առկա խնդիրներին կարճաժակետ լուծումներ տալ»,- ասաց նախարար Թովմասյանը, վստահություն հայտնելով, որ ծրագրված փոփոխություններից մեծ արդյունք է ակնկալվում:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը հանդիպման ընթացքում փոխանցեց այս տարիների ընթացքում Հայաստանում կատարծ իր դիտարկումները: Նրա գնահատմամբ թե իշխանությունները և թե ընդդիմությունը պետք է հասկանան իրենց դերն ու առաքելությունը ժողովրդավարական գործընթացներում, հայտնում է արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---