10 մայիսի 2024 - 17:28 AMT
ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել ակցիայի 2 մասնակից, հայտնում է Քննչական կոմիտեն։

Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։

Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված երկու անձինք հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։

Նախաքննությամբ պարզվում են հանգամանքները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ։ Այդ մասին «Ազատությանն» ասել է ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ տվյալներով՝ 8 մարդ ձերբակալվել է Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։ Երևանի ակցիաների 5 մասնակից էլ ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։