Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն քաղաքական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 1-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է Հայաստանի եւ Լեհաստանի անվտանգության խորհուրդների միջեւ երկխոսության ու Լեհաստանի հետ քաղաքական համագործակցության խորացումը: Ընդգծվել է Արթուր Բաղդասարյանի` անցած տարվա նոյեմբերին Լեհաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այդ ենթատեքստում քննարկվել են լեհական «Էկոտեխ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման հետ կապված հարցեր:

Հենրիկ Լիտվինը նշել է, որ լեհական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ, մասնավորապես` կարեւորվել է «Նաիրիտ» գործարանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նշվել է, որ գյուղատնտեսության ոլորտում եւս համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորություններ ակն, որոնք պետք է օգտագործել:

Քննարկվել են հայ-լեհական գործարար խորհուրդ ստեղծելու խնդիրները:

Հենրիկ Լիտվինը տեղեկացրել է, որ առաջիկայում Լեհաստանում սպասվում են անվտանգության, մարդկանց առեւտրի եւ թմրաբիզնեսի դեմ պայքարի խնդիրներին նվիրված համաժողովներ եւ հրավիրել է հայկական կողմին` մասնակցել այդ համաժողովներին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---