Սերժ Սարգսյան. Փախստականներին բնակարանով ապահովելու հարցը մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում

Սերժ Սարգսյան. Փախստականներին բնակարանով ապահովելու հարցը մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Երևանում աշխատանքը սկսեց Ադրբեջանից հայ փախստականների խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողով, որը բացեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Միջոցառման ընթացքում նա մասնակիցների համար ընթերցեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: ՀՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում էր, որ իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը հաճախ է զանգվածային տեղահանման ենթարկվել, ինչը 20-րդ դարում հասավ իր գագաթնակետին: «1988-92թթ. Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության արդյունքում ավելի քան կես միլիոն հայեր լքեցին իրենց տները, ինչի արդյունքում մոտ 360 000 փախստականներ հանգրվանեցին Հայաստանում»,- նշել է նա: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը, անդրադառնալով փախստականներին բնակարանով ապահովելու խնդիրների լուծման հարցում ՀՀ կառավարության գործունեությանը, նկատել է, որ 2004 թվականին կառավարության կողմից ծրագիր է հաստատվել 3500 առավել կարիքավոր ընտանիքների համար: Այս կապակցությամբ 2005 թվականից պետբյուջեում որոշակի գումար է տրամադրվել այս ծրագրի իրականացման համար:

«Սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով ո'չ 2010, ո'չ 2011 թվականին մեզ չհաջողվեց երկրի պետբյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնել այս ծրագրի համար. 1175 ընտանիքներ դեռ սպասում են իրենց ժամին»,- ընդգծել է Հայաստանի նախագահը` ավելացնելով, որ հայ փախստականներին բնակարանով ապահովելու հարցը միշտ եղել և մնում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---