Հունգարիայի խորհրդարանի ղեկավարը ևս գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ-ով

Հունգարիայի խորհրդարանի ղեկավարը ևս գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ-ով

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան:

Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի առանձնազրույցով:

Ողջունելով Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար եւ նշեց, որ նրա այցը հայ-հունգարական միջխորհրդարանական կապերի զարգացման նոր հեռանկարներ է բացում: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Կյովերի այցը կնպաստի նաեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը եւ զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հունգարիայի հետ փոխգործակցության ակտիվացումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով: «Հայաստանը կարեւորում է Եվրոպայի հետ ինտեգրումը եւ այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»,-նշեց ԱԺ նախագահը: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Լասլո Կյովերը նշեց, որ առաջին անգամ է պաշտոնական այցով Հայաստան այցելում Հունգարիայի խորհրդարանի նախագահ եւ համոզմունք հայտնեց, որ իր այցը կնպաստի ոչ միայն խորհր‎դարանների միջեւ համագործակցության խորացմանը, այլեւ միջպետական կապերի զարգացմանը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում` ընդգծելով, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը, խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Այս համատեքստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ հակամարտությունները պետք լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում եւ պատերազմը 21-րդ դարում խնդիրների լուծման հնարավորություն չէ: Համաձայնելով Հովիկ Աբրահամյանի հետ Լասլո Կյովերը հույս հայտնեց, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները կտրվեն խաղաղ, բանակցային ճանապարհով` բացառելով ռազմական միջամտությունը: Կողմերը համակարծիք էին, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձեւաչափ պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը, հաղորդում է ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---