Խորխե Արսե-Վիկ Դարչինյան մենամարտում մասնագետները գերապատվությունը տալիս են Դարչինյանին

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի օրերը ամենաթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը եւ նույն քաշային կարգում WBA ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեն փոխադարձ սպառնալիքներով են փոխանակվել` առավել բորբոքելով հետաքրքրությունը սպասվող մենամարտի հանդեպ, որը կկայանա Կալիֆորնիայի «Honda Center»-ում փետրվարի 7-ին:



Նշենք, որ մի շարք մասնագետներ, կանխատեսելով սպասվող մենամարտը, գերապատվությունը տալիս են ծագումով հայ ավստարալական բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանին



Պատասխանելով լրագրողների հարցերին` ամերիկյան Red Stars Boxing ընկերության ղեկավար եւ Դարչինյանի նախկին մենեջեր Էդուարդ Գումաշյանը բացարձակ վստահություն է հայտնել Դարչինյանի հաղթանակի հարցում: «Եթե երկուսն էլ իրենց լավագույն մարզավիճակում լինեն, Դարչինյանը ակնհայտ ֆավորիտ է: Կարծում եմ` այդ դեպքում նա նոկաուտով հաղթանակ կտանի 6-րդ ռաունդից հետո: Բայց Արսեի հարվածները վտանգավոր են եւ Դարչինյանը պետք է մշտապես զգոն լինի»,- Գումաշյանի խոսքերն է մեջբերում Allboxing.ru-ն:



Դարչինյանն ինքը կայանալիք մենամարտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ չի հարգում իր մրցակիցներին` ընդգծելով, որ իր վերաբերմունքը Արսեի հետ մենամարտի հանդեպ ոչ մի ընդհանուր բան չունի նրա ազգության հետ: «Իմ բոլոր մրցակիցները մեքսիկացիներ են: Նրանք շատ ուժեղ են եւ մեծ ժողովրդականություն են վայելում: Ինձ համար կարեւոր չէ, թե ով է իմ մրցակիցը` մեքսիկացի, թե ֆիլիպինցի: Նախ եւ առաջ, նրանք բոլորը բռնցքամարտիկներ են: Ես ենթադրում եմ, որ նոկաուտ կանեմ նրան, բայց ոչ` առաջին ռաունդում: Դա նրա համար չափազանց դյուրին հանգուցալուծում կլինի: Ես նրա հետ խաղալու եմ, ինչպես կատուն մկան հետ, եւ ցույց կտամ, թե որքան հիմար է նա: Մենամարտի առաջին 20 վայրկյաններից հետո նա խուլ պաշտպանության կանցնի: Նա կհիշի այդ մենամարտը ողջ կյանքում: Ես նա եմ, ով մամլո ասուլիսներին միշտ ասում է, թե ինչ է անելու, եւ միշտ կատարում է իր խոստումները»,- հայտարարել է Դարչինյանը:



Արսեն իր հերթին բացարձակ վստահ է իր ուժերին եւ հայտնել է, որ մտադրված է նոկաուտ անել չեմպիոնին: «Ես գիտեմ, որ այդ մենամարտը կվերադարձնի ինձ իմ կորցրած վարկը: Ես կարող եմ ասել միայն այն, որ ես միշտ հարգում եմ իմ մրցակցին: Մենք շատ ենք վատաբանել միմյանց, բայց ես հարգում եմ նրան եւ շնորհակալ եմ տրամադրված հնարավորության համար,- ասել է Արսեն:- Նրա որոշ խոսքերն ինձ վայել չեն, եւ դա ստիպում է ինձ ավելի եռանդով մարզվել, որպեսզի ես նրան իսկապես ցավ պատճառեմ հարվածներով: Հուսով եմ, որ նա շատ վաղ չի ընկնի եւ ինձ հնարավորություն կտա բազմաթիվ հարվածներ հասցնել նրան»:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---