Հայ սամբիստներն առանց մեդալների են վերադարձել Աշխարհի գավաթից

PanARMENIAN.Net - Հայ սամբիստներ Աշոտ Դանիելյանը (74կգ ք/կ) եւ Վաչե Վարդանյանը (68կգ ք/կ) ավարտել են իրենց ելույթները Աշխարհի գավաթին, որն անցկացվում էր Մինսկում փետրվարի 15-18: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, այդ առաջնությունը հայ սամբիստների համար նախապատրաստական բնույթ էր կրում:



«Աշխարհի գավաթը Մինսկում աշխարհի գավաթների փուլերից մեկն է, որոնք անցկացվում են տարին 5-6 անգամ աշխարհի տարբեր քաղաքներում: Եւ որպեսզի լիարժեք նվաճել աշխարհի գավաթակրի կոչումը, անհրաժեշտ է մասնակցել բոլոր փուլերին: Մինսկում Աշոտ Դանիելյանը երեք մենամարտ ունեցավ, եւ բոլորն էլ բելառուս մարզիկների հետ: Դրանցից երկուսում նա հաղթանակ տարավ, բայց պարտություն կրեց երրորդ մենամարտում եւ չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Դանիելյանն առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը: Իսկ Վաչե Վարդանյանը անհաջող ելույթ ունեցավ եւ իր ելույթներն ավարտեց անարդյունք»,- ասել է Լեւոն Հայրապետյանը:



Լեւոն Հայրապետյանը նաեւ նշել է, որ հայ սամբիստներին գործնական մենամարտեր եւ միջազգային փորձ է պակասում կառավարության կողմից անբավարար ֆինանսական աջակցության պատճառով: «Մեզ ֆինանսներ են պակասում այլ ոչ պաշտոնական առաջնություններին մասնակցելու համար: Պետությունը հիմնականում միջոցներ է հատկացնում օլիմպիական մարտական մարզաձեւերի համար, ինչպիսին են ըմբշամարտը, բռնցքամարտը եւ ձյուդոն, իսկ սամբոն մնում է կառավարության ուշադրությունից դուրս: Մինչդեռ համաշխարհային առաջնություններին նախապատրաստվելու համար նման առաջնությունները շատ կարեւոր դեր են խաղում: Դեկտեմբերին եւ հունվարին մենք ուսումնա-մարզական հավաքներ չենք ունեցել: Միլանում Եվրոպայի առաջնությունից առաջ էլ, որը տեղի կունենա մայիսի 14-18, մենք միայն մեկ միջազգային մրցույթ ունենք. մենք կմասնակցենք սամբոյի հիմնադիր Արկադի Խարլամպիեւի անվան առաջնությունում, որը տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 24-27»,- նշել է Հայրապետյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---