Հայ ըմբշամարտիկ Ռուսլան Բասիեւը տանուլ տվեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության եզրափակչում

PanARMENIAN.Net - Ազատ ոճի հայ ըմբշամարտիկ Ռուսլան Բասիեւը, որը հանդես էր գալիս 120 կգ քաշայինների կարգում ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, զիջեց ադրբեջանցի ըմբշամարտիկ Ալի Իսաեւին, այդպիսով, նվաճելով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը:



Նշենք, որ հայ ըմբշամարտիկներից հենց Ռուսլանը ամենահաջող ելույթն ունեցավ, հաջորդաբար հաղթելով լատիշ Սերգեյս Ջոմինսին, վրացի Դավիթ Օթիաշվիլուն եւ կիսաեզրափակչում` հաղթելով Վասիլի Տեսմինեցկուն:



Այսօր Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը եւս մեկ մեդալ նվաճեց: Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիրը դարձավ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ): Հովհաննիսյանն երկու հաղթանակ տարավ մեկ ութերորդ եւ քառորդ եզրափակիչներում` հաղթելով համապատասխանաբար բրիտանացի Միրոսլավ Դյուկինին եւ սլովակ Ռոբերտ Օլլեին եւ, դուրս գալով կիսաեզրափակիչ, պարտվեց ուկրաինացի Անդրեյ Ստադնիկին, սակայն հետո, պայքարելով բրոզի համար, հաղթեց մոլդավացի Ռոման Դերմենյիին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---