«Արարատն» անընդմեջ չորրորդ պարտությունն է կրել Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում

PanARMENIAN.Net - Այսօր կայացել են Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի առաջնության չորրորդ փուլի առաջին երեք հանդիպումները: Երկրի փոխչեմպիոն «Արարատը» կրկին պարտություն է կրել, այս անգամ երկրի չեմպիոն «Փյունիկից»` 0:2 հաշվով: Հաշիվը բացվել է առաջին խաղակեսի 15-րդ րոպեին. առանձնացել է «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, եզրափակիչ գոլը 76-րդ րոպեին խփել է Միհրան Մինասյանը:



Հայաստանի առաջնության չորս փուլերում սա «Արարատի» չորրորդ պարտությունն է: «Փյունիկն», իր հերթին, չորրորդ հաղթանակն է տարել եւ 12 միավորով միանձնյա գլխավորել է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:



Նշենք, որ «Արարատի» հերթական պարտությունից հետո, որն 9-րդն է 2009 թվականին, հավանական է փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանի պաշտոնաթողությունը: Գլխավոր մարզիչի պաշտոնի հիմնական թեկնածուն Արկադի Անդրեասյանն է, որի թեկնածությունն արդեն դրված է ակումբի ղեկավարության քննարկմանը:



4-րդ փուլի մյուս երկու խաղում «Ուլիսը» սեփական դաշտում հաղթանակ է տարել Գյումրիի «Շիրակի» հանդեպ, իսկ «Կիլիկիան» չորրորդ անգամ պարտության է մատնել Կապանի «Գանձասարին»:



Շիրակի «Միկայի» եւ Երեւանի «Բանանցի» միջեւ չորրորդ փուլի վերջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին:



Հայաստանի առաջնության չորրորդ փուլի արդյունքներն են.



«Արարատ»-«Փյունիկ»-2:0

Գոլեր. Արթուր Եդիգարյան-15-րդ րոպեին, Միհրան Մինասյան- 76-րդ րոպեին



«Ուլիս»- «Շիրակ»-3:0

Գոլեր. Արթուր Քոչարյան-25,57 Սեմյոն Մուրադյան-58



«Կիլիկիա»-«Գանձասար»-2:1

Գոլեր. Կարեն Խաչատրյան-41, Տիգրան Ղարաբաղցյան-74(Կիլիկիա), Արսեն Ավետիսյան-41(Գանձասար)



Մրցախաղային դրությունը չորս փուլից հետո.



1. Փյունիկ-12 միավոր

2. Ուլիս-9

3. Միկա-9

4. Բանանց-6

5. Կիլիկիա-6

6. Շիրակ -3

7. Արարատ-0

8. Գանձասար-0
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---