ՀՀ պաշտպանության նախարարը պարգեւատրել է «ՀՀ վարչապետի գավաթ-2009»-ի հաղթողներին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «ՀՀ վարչապետի գավաթ-2009» միջգերատեսչական առաջնության հաղթողին` իր գլխավորած գերատեսչության հավաքականին: Շնորհավորելով պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու առթիվ՝ նախարարը նշեց, որ այս հաղթանակը պատահականություն չէ, քանի որ սպորտը բանակում կարեւորագույն դեր ունի: Սպաների եւ զինվորների ֆիզիկական բարձր պատրաստությամբ է պայմանավորված մարտական խնդիրների արդյունավետ կատարումը:



Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարության հավաքականը «ՀՀ վարչապետի գավաթ-2009» խաղարկության եզրափակիչ հանդիպմանը 6:0 հաշվով հաղթանակ տարավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հավաքականի հանդեպ:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ՀՀ վարչապետի սպորտային այս նախաձեռնության նպատակն էր նաեւ ամրապնդել գերատեսչությունների փոխգործակցությունը եւ համախմբել տարբեր կառույցներում աշխատող մարզասերներին:



Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ՊՆ ֆուտբոլային թիմի անձնակազմին հանձնեց դրամական պարգեւներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած հավաքականի պատվոգիրն ու հուշամեդալը հաղթողները փոխանցեցին պաշտպանության նախարարին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---