10  12.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ժամանումը "Զվարթնոց" օդանավակայան

Ոչ մասնագետի կարծիք. Երևանում գիտեն, որ Իռլանդիայի հետ խաղում իսկական հաղթողը Հայաստանի հավաքականն է

Ոչ մասնագետի կարծիք. Երևանում գիտեն, որ Իռլանդիայի հետ խաղում իսկական հաղթողը Հայաստանի հավաքականն է

PanARMENIAN.Net - Նախօրեին ուշ երեկոյան ողջ Հայաստանը տեղավորվել էր հեռուստացույցների էկրանների առջև. Դուբլինից հեռարձակվում էր հայկական ընտրանու համար այդքան կարևոր` Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա-Հայաստան վերջին հանդիպումը:

Խաղի մեկնարկից առաջ Երևանի փողոցներում Հայաստանի դրոշով զարդարված ավտոմեքենաներ էին երթևեկում, դրոշները ծածանվում էին պատուհաններից, դրոշները ձեռքերում էին, փողոցներում: Ուրախության համընդհանուր մթնոլորտը զգացվում էր հայկական մայրաքաղաքի փողոցներում: Քաղաքի կենտրոնում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ, որտեղ դուբլինյան հանդիպումը հեռարձակվում էր մեծ էկրանին, կարմիր-կապույտ-ծիրանագույն բազմահազարանոց ամբոխ էր հավաքվել, բարձր երաժշտություն էր հնչում, ամենուրեք ծիծաղ էր, ժպիտներ: Մարդիկ մի քանի ժամով դարձել էին ավելի բարի, կուռ, մոռացել իրենց խնդիրների մասին: Երևանն ապրում էր միայն մեկ բանով` ֆուտբոլով, ներշնչված` հաղթանակի հավատով:

Եվ հետո 96 րոպե շարունակ ցանկացած տարիքի, մասնագիտության, սոցիալական կարգավիճակի մարդիկ անընդմեջ հետևում էին 11 տղաների խաղին, որոնք բազմահազարանոց մարզադաշտի, ողջ հայության աչքի առաջ ջանք չէին խնայում հաղթելու համար: Երեխաներն ու մեծերը, կանայք և տղամարդիկ` բոլորը մի մարդու պես վհատվում էին ինքնագոլից, ուրախանում Հենրիխ Մխիթարյանի իրացրած գոլով, վրդովվում մրցավարի անարդար վերաբերմունքից և անգամ այն բանից հետո, երբ հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Իռլանդիայի, բոլորը մի մարդու պես գիտեին` այս հանդիպման իրական հաղթողը Հայաստանի հավաքականն է:

Հանուն արդարության արժե նշել, որ իրականում խաղն ավարտվեց ոչ ոքի. Իռլանդիան իր հաղթանակը նվաճեց միայն Վալերի Ալեքսանյանի սխալի շնորհիվ: Այո, Ալեքսանյանը սխալվեց: Բայց բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ սխալվում ենք: Արդյո՞ք չի սխալվել Մարադոննան կամ Պելեն: Չե՞ն սխալվել արդյոք համաշխարհային ֆուտբոլի մյուս լեգենդները:

Հանուն նույն այդ արդարության չի կարելի չնշել իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեզին, որը ակնհայտորեն չէր նկատում իռլանդացի ֆուտբոլիստների թերացումները, դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որը, իբր, ձեռքով էր խաղացել տուգանային դաշտից դուրս, և ընդհանրապես խանգարում էր հայ ֆուտբոլիստներին խաղալ` մշտապես ընկնելով նրանց ոտքերի տակ: Ինչպես ավելի ուշ խոստովանեց Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Կոքսը, նախքան Հայաստանի ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկին հետ կմղեր գնդակը տուգանային դաշտից դուրս, ինքը ձեռքով է խաղացել: «Ես անգամ չնկատեցի, որ գնդակը Բերեզովսկու ձեռքերին դիպավ տուգանային դաշտից դուրս, բայց իմ թիմակիցների հետ միասին մրցավարից պահանջեցի դա կանոնների խախտում համարել»,- ասել է նա: Սակայն մրցավարը, բնականաբար, դա չնկատեց, ինչպես և չնկատեց ագրեսիվ իռլանդացի ֆուտբոլիստների շատ այլ խախտումներ, որոնք դասական ֆուտբոլը երբեմն շփոթում էին ամերիկյան ֆուտբոլի հետ:

Այնուամենայնիվ, ճիշտ է Հայաստանը չանցավ EURO-2012, սակայն B խմբում նա ամենավառ և դինամիկ խաղը ցուցադրեց և իրացրեց ամենից շատ գոլերը` 22: Հայկական ֆուտբոլի 19-ամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականն այդքան բարձր տեղ զբաղեցրեց ընտրական մրցաշարում` 3-րդ տեղը:

Այն, որ Հայաստանի հավաքականը ոչնչով չէր զիջում Իռլանդիայի հավաքականին, խոստովանել են բոլորը, անգամ իռլանդացիների մարզիչ Ջովաննի Տրապատոնին, որը հույս հայտնեց, որ իր սաների մրցակիցները եզրափակիչ մրցաշարում չեն լինի այդքան ուժեղ, որքան Հայաստանի հավաքականը: Դա գիտեն նաև հայ երկրպագուները, որոնք փորձում են սատար կանգնել մեր ֆուտբոլիստներին:

Հայաստանի հավաքականն արդեն վերադարձել է Երևան: Ֆուտբոլիստներին օդանավակայանում դիմավորում էին երկրպագուներ և լրագրողներ: Դիմավորում էին գովեստի և աջակցության խոսքերով: Դիմավորում էին որպես հերոսների, որոնք ապացուցեցին և դեռ շատ անգամ կապացուցեն` հայկական ընտրանին արժանի է տեղ զբաղեցնելու լավագույն թիմերի շարքում: Սարերի հետևում չէ 2014 թվականի Աշխարհի առաջնությունը…

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
21  Ազգային հավաքականի դեմքերը
21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---