ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

PanARMENIAN.Net - Այսօր, ապրիլի 13-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի ինստիտուտում (ՌԳԱ ՀԳԳԻԻ) տեղի է ունեցել «Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» թեմայով միջազգային գիտական խորհրդաժողովը, նվիրված Հայոց ցեղասապանության 90-ամյակին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Խորհրդաժողովը կազմակերպել էին Հայաստանի Գիտությունների ակադեմիան, ՌԳԱ ՀԳԳԻԻ, ռուս-հայկական համագործակցությունը եւ Ռուսաստանի հայերի միությունը: Կոնֆերանսին մասնակցել են ՌԳԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր, ՌԳԱ ՀԳԳԻԻ, տնօրեն Յուրի Պիվովարովը, Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Յուրի Բարսեղովը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուրբոբնապահպանական ասոցիացիայի նախագահ, Սերբական գիտական ընկերության անդամ Վասիլ Մանչիչը, Մանկավարժական կրթության Միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի հրեական համայնքների դաշնության համանախագահ Ռոման Սպեկտորը, Համաշխարհային խաղաղարար կազմակերպության նախագահ Վադիմ Իժեւսկին, ինչպես նաեւ առաջատար գիտահետազոտական կենտրոնների, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, օրենսդրական եւ գործադիր իշխանությունների, լրատվության զանգվածային միջոցների, արտերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ: Կոնֆերանսում ելույթ ունեցած բոլոր մասնակիցները նշել են, որ 1915 թվականի թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը, որի զոհ են դարձել 1,5 մլն հայեր,մինչ այժմ ճանաչված չէ թուրքական կառավարության կողմից: Ավելին, կոնֆերանսի մասնակիցները ընդգծել են ցեղասպանության միջազգային ճանաչման բացակայությունը նաեւ այլ ժողովրդների հանդեպ կատարված ցեղասպանությունների հարցում: Կոնֆերանսին մասնակցած սերբ, քուրդ, հույն ժողովրդների ներկայացուցիչները բերել են սեփական ժողովրդների հանդեպ թուրքերի կողմից կատարված ցեղասպանության փաստեր: Քրդերի ներկայացուցիչները նշել են, որ իրենց ժողովրդի հանդեպ ցեղասպանության քաղաքականությունը շարունակվում է մինչ այժմ եւ «ներկայիս Թուրքիայի քաղաքականությունը ոչինչով չի տարբերվում Օսմանյան կայսրության քաղաքականությունից» եւ կոչ են արել բոլոր նրանց, ովքեր տուժել են թուրքական ցեղասպանության քաղաքականությունից «միավորվել, թշնամուն դիմակայելու համար»: Ռոման Սպեկտորի կարծիքով, Թուրքիան նաեւ պատասխանատու է «1994-95 թթ. Բալկաններում սլավոնների, 1988-90թթ.Լեռնային Ղարաբաղում, Սումագայիթում եւ Բաքվում հայերի եւ իր տարածքում քրդերի շարունակվող ցեղասպանության համար»: Թուրքիայի գործողությունները քրդերի հանդեպ, ըստ Սպեկտորի, համապատասխանում են ցեղասպանության սահմանմանը, որը կա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: «Ցանկացած պետություն, որ մասնակից է ցեղասպանության պրակտիկային, պետք է վտարվի ՄԱԿ-ից եւ համընդհանուր բոյկոտի արժանանա»,- հայտարարել է Ռոման Սպեկտորը իր ելույթում: Կոնֆերանսում ելույթ ունեցած փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մարգարյանը նշել է, որ «1920 թվականի սովետաթուրքական եւ Լոզանի խաղաղ պայմանագրերով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտան բուն հայկական տարածքներ, որոնք երբեթ Թուրքիային չէին պատկանել»: Արդյունքում կոնֆերանսի մասնակիցները ստորագրել են հայտարարություն` նվիրված 1915-23թթ. ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրվան, որը նշվելու է ապրիլի 24-ին: Հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքական պատճառներով, եւ որպես երկակի ստանդարտների քաղաքականության հետեւանք, հայ ժողովրդի ցեղասպանության փաստը մինչ այժմ իրավագիտորեն չի ճանաչվել միջազգային հանրության եւ Թուրքիայի կառավարության կողմից: Ըստ հայտարարության հեղինակների, անպատժելիության գործոնը արդյունքում պատճառ հանդիսացավ հրեաների ցեղասպանության համար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եւ այլ ժողովրդենրի ցեղասպանությունների համար: Մինչեւ Թուրքիան չճանաչի հայ ժողովրդի ցեղասպանության փաստը եւ միջոցներ չձեռնարկի դրա հետեւանքները վերացնելու համար, բարիդրացիական հարբերությունների հաստատումը եւ խաղաղ գոյակցությունը անհնար են:




 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---