ԵԱՀԿ ՄԽ. ԲԹՋ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԱԶԴԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական հատվածի գործարկման փաստը կարող է ուղղակիորեն ազդել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վրա: Ամեն դեպքում, այդ գործոնը արմատական փոփոխությունների պատճառ չի դառնա կողմերի դիրքորոշումներում»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մերզլյակովը, տեղեկացնում է ադրբեջանական «АПА» գործակալությունը: Նրա կարծիքով` Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների վերատեղակայումը Հայաստան չի կարող խոչընդոտ հանդիսանալ բանակցային գործընթացում. «Ռուսաստանը ծրագրում է Վրաստանից դուրսբերված ռազմակայանները տեղակայել Դաղստանում եւ Կաբարդինո-Բալկանիայում: Սակայն կան ռազմական տեխնիկայի այնպիսի տեսակներ, որոնք անհրաժեշտ է տեղակայել Հայաստանում գտնվող ռուսաստանյան ռազմակայաններում: Օրինակ` ի՞նչ իմաստ ունի, որ պլանային փոխարինման համար անհրաժեշտ ռազմական սարքավորումները դուրս բերվեն տարածաշրջանից, այնուհետեւ` հետ բերվեն»: Յու.Մերզլյակովն անհիմն է անվանել ռազմամթերքի եւ տեխնիկայի օգտագործման հնարավորությունը ռազմական գործողությունների սկսման դեպքում. «Հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը, եւ մեր հիմնական նպատակն է թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը հակամարտության գոտում»: Ռուս դիվանագետը նշել է նաեւ համանախագահների մեծ աշխատանքը Վարշավայում երկու նախագահների հանդիպման ուղղությամբ. «Կարող եմ ասել, որ հանդիպումն անցել է բավականին արդյունավետ մթնոլորտում: Նախագահները եւս մեկ անգամ հաստատել են հակամարտության կարգավորման ձեռքբերմանն ուղղված իրենց անկեղծ ձգտումը: Այդ հանդիպումը նոր խթան է տվել հետագա բանակցություններին: Մենք արդեն եղել ենք Բաքվում, մյուս շաբաթ հանդիպելու ենք Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որն ուղեւորության է մեկնում եվրոպական երկրներով: Հունիսի կեսերին մտադիր ենք կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը»: Յու. Մերզլյակովն ասել է, որ հերթական հանդիպումը կանցկացվի նախկին ձեւաչափում` «երեք համանախագահ եւ արտգործնախարարները». «Այդ հանդիպումը տեղի կունենա եվրոպական երկրներից մեկում: Հուլիսի առաջին կեսին նախատեսվում է մեր հերթական այցը տարածաշրջան: Հուսով եմ, որ մինչ այդ նախարարները կհանդիպեն ոչ մեկ անգամ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---