Ղարաբաղի եւ Կոսովոյի հակամարտությունները չի կարելի կարգավորել նույն մեթոդներով

PanARMENIAN.Net - Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող հակամարտությունները սկսվեցին նրանից, որ սահմանները պետությունների միջեւ որոշվել էին Երկրորդ Աշխարհամարտից առաջ եւ դրա ժամանակ: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ սահմանները առավել մեծ խոչընդոտ դարձան: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: «Նույնը կարելի է ասել նաեւ Հարավսլավիայի մասին: Սակայն դրանով նմանությունը սահմանափակվում է: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի լուծել այնպես, ինչպես Կոսովոյինը: Դա կլինի լուծման իմիտացիա: Յուրաքանչյուրն ունի կարգավորման իր ուղին: Բացի այդ, բանակցությունները Կոսովոյի շուրջ նոր են սկսվում, դուք արդեն բավական երկար ճանապարհ եք անցել: Գուցե Կոսովոյի խնդիրը լուծվի ղարաբաղյանի նմանությամբ»,-նկատել է Հ.Տալվիտիեն: Նրա խոսքերով, երբ Ֆինլանդիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն էր 1995-1996 թթ. բանակցային գործընթացին մասնակցում էր նաեւ Լեռնային Ղարաբաղը: Սկսած 1997 թվականից բանակցություններն ընթանում են միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Ես գտնում եմ, որ երբ լուծվում է ժողովրդի ճակատագիրը, նրա կարծիքը պետք է լսելի լինի: Ես կարծում եմ, որ երբ ժամանակը գա, Հայաստանը բանակցություններում հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հետ միասին»,-ասել է դիվանագետը: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արդբեջանի Ռամբույեում տեղի ունեցած վերջին հանդիպմանը, ապա Տալվիտիեն գտնում է, որ ակնկալիքները դրանից չափազանց մեծ էին: «Կարեւորն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել եւ շարունակել բանակցությունները: Ես համոզված եմ, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի եւ փոխզիջումն ամեն դեպքում անխուսափելի է»-ընդգծել է Հ.Տալվիտիեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---