Փորձագետները մեծ հաջողություն են համարում Ա-320-ի «սեւ արկղի» հայտնաբերումը

PanARMENIAN.Net - Երեկ ծովի հատակից բարձրացված Սոչիի մերձակայքում կործանված «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղը» դեռ չի հանձվել Միջպետական ավիացիոն կոմիտեին (ՄԱԿ)` վերծանման համար: «Ա-320-ի խոսակցական ինքնագիրը դեռ գտնվում է Սոչիում, եւ մեզ չի հասել»,- հայտարարել է ՄԱԿ-ի օդային տրանսպորտի հետաքննությունների կենտրոնի ղեկավար Ռուդոլֆ Թեյմուրազովը: Նա նաեւ նշել է. «Դա մեծ հաջողություն է` բեկորների ու տիղմի մեջ հայտաբերել գոնե մեկ ինքնագիր»: Ավելի վաղ, փորձագետը հոռետեսորեն էր վերաբերվում «սեւ արկղերի» հայտնաբերման հնարավորությանը: «Ես հոռետեսորեն եմ վերաբերվում Սեւ Ծովի ափից ավելի քան մեկ կիլոմետրից ավել հեռավորության վրա ծովի հատակին որեւէ բան հայտնաբերելու հնարավորությանը»,- ասել էր Թեյմուրազովը ավիավթարի հաջորդ օրը:



«Այնտեղ` ջրի տակ, իսկական լեռներ են, որոնց գագաթները պատված են տիղմով: Օվկիանոսագետները մեզ ցուցադրել էին ծովի հատակի ռելիեֆը, երբ մի քանի տարի առաջ մենք փորձում էին գտնել զինավարժությունների ժամանակ ուկրաինական հրթիռի պատճառով կործանված Տու-154-ի ինքնագրերը»,- ավելացրել է նա: Փորձագետի խոսքերի համաձայն, ինքնաթիռի` ծովում կործանման դեպքում հաջողվում է հայտնաբերել բեկորների 3 տոկոսը միայն: «Երբ կործանվել էր Տու-154-ը, մենք կարողացանք գտնել բեկորների միայն 3 տոկոսը, իսկ «սեւ արկղերի» մասին նույնիսկ չէինք էլ երազում»,- ասել է Թեյմուրազովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:



Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը «Արմավիա» հայկական ընկերության ինքնաթիռը, որ կատարում էր Երեւան-Սոչի չվերթը, կործանվեց Սեւ Ծովում` Ադլերի օդանավակայանից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվում էր 113 հոգի, նրանց մեջ 6 երեխա (այդ թվում մեկ նորածին) եւ անձնակազմի 8 անդամ: Նրանց մեջ Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի եւ Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները` Հայաստանի քաղաքացի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---