Քաղաքական գործիչները մեծ խոչընդոտ են հանդիսանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ երկխոսության ճանապարհին

PanARMENIAN.Net - Ժողովուրդների միջեւ խաղաղության հաստատման աշխատանքը պետք է կատարեն քաղաքական գործիչները: Հասարակական երկխոսությունն անհրաժեշտ է, խաղաղության ճանապարհին դա հաջողության կեսն է, սակայն հենց քաղաքական գործիչները մեծ խոչընդոտ են հանդիսանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ երկխոսության ճանապարհին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի հրապարակախոս, լրագրող Ալեքպեր Ալիեւը: Նրա խոսքերով հակահայկական հիստերիան Արդբեջանում կարելի է բացատրել նրանով, որ Ադրբեջանը պարտվել է Ղարաբաղյան պատերազմում:



«Հաղթանակած կողմը միշտ ավելի հանդուրժողական է եւ երեւի այդ պատճառով է, որ Հայաստանում նույն հիստերիան չի տիրում, որը կա Ադրբեջանում: Պարտված ժողովուրդը ավելի ընկճված է եւ իշխանությունները, իհարկե, գրգռում են այդ տրամադրությունները: Սակայն ամեն բան այդքան հեշտ չէ: Ահա, մենք ունենք «Լիդեր» իշխանամետ հեռուստաալիք, որով երբեք չես լսի քսենոֆոբիայի, հակահայկական տրամադրությունների եւ ռազմական հիստերիայի մասին: Սակայն կան ԶԼՄ-ներ, որոնք ամեն օր քարոզում են թշնամու կերպարը»,- նշեց նա:



Ալիեւը նաեւ նկատել է, որ քաղաքական գործիչները պատերազմ են ցանկանում, թող պատերազմեն: Նրա խոսքերով, պետության առաջին դեմքերի ռազմատենչ հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն կարող բերել: «Ժողովուրդներին հանգիստ թողեք, պետք չէ վախենալ ժողովրդական դիվանագիտությունից: Եթե պետությունը վախենում է իր ժողովրդից, նշանակում է, նա նրան չի վստահում: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցելությունների արգելմանը, ապա միակ ատյանները, որոնք կարող են ինձ արգելել` նախագահն է, ԱԳՆ-ն եւ ԱԱՆ-ն»,- ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---