Բաքվում պահանջում են Ադրբեջանի քաղաքացիությունից զրկել Հայաստան այցելած 10 անձանց

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Քաղաքացիական համերաշխության կուսակցության երիտասարդական թեւը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջվում է ադրբեջանական քաղաքացիությունից զրկել այն անձնաց, որոնք հանգստացել են Հայաստանի Լոռիի շրջանի «Գուգարք» ճամբարում: Հայտարարության մեջ նշվում է, որ Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլլաեւան, Նիգյար Աբդուլլաեւան, Ռենա Յուզբաշեւան, Ֆիդան Մամեդովան, լրագրող Սեյմուր Բայջանը, Իսմաիլ Աբդուլազիմովը, Համիս Մասիմովը եւ այլոք (ընդհանուր առմամբ 10 հոգի) պետք է հայրենիքի դավաճաններ համարվեն եւ չեն կարող լինել Ադրբեջանի քաղաքացիներ»: «Մենք` ԱՔՀԿ երիտասարդական թեւի անդամներս, դավաճանություն ենք համարում հանգստի փաստն այն երկրի տարածքում, որը գրավել է մեր հողերի 20 տոկոսը...Ուղեւորության ոչ մի պայման չի կարող արդարացնել այնտեղ մեկնած ադրբեջանցիներին: Մենք պահանջում ենք պետական մարմիններից զրկել նրանց Ադրբեջանի քաղաքացիությունից»,-ասվում է հայտարարության մեջ:



Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ցանկացած միջազգային կամ հայրենական կազմակերպություն, որ նման միջոցառում է կազմակերպում, պետք է հայտարարվի «պերսոնա նոն գրատա» եւ նրանց մուտքն Ադրբեջան պետք է արգելվի, հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ Հայաստանի Լոռիի շրջանի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում «Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպության մասնակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանցի եւ հայ երիտասարդության հանդիպում: Նախաձեռնությանը, որը ստացել է «Փոխադարձ վստահության ճամբար» անվանումը, մասնակցել են երիտասարդներ Ադրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---