Սեպտեմբերի 25-ին Հայաստան կժամանեն ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկուցողները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-29-ը Երեւանում կլինեն ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկուցողներ Միկկո Էլոն, Ժորժ Կոլումբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում սեպտեմբերի 25-ին ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան Հայաստանում ներկայացված ԵԽ անդամ երկրների դեսպանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պատվիրակության անդամներին կընդունեն Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նույն օրը պատվիրակության անդամները կլինեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ ծաղկեպսակ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին:



Սեպտեմբերի 27-ին նախատեսված են հանդիպումներ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ԿԸՀ նախագահ Գագիկ Ազարյանի եւ հանձնաժողովի անդամների, ՀՀ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի եւ հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների հետ:



Սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան Ազգային ժողովում: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամների, Աժ պետաիրավական հարցերի, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների, Աժ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների, կոալիցիոն, ոչ ընդդիմադիր խմբակցությունների եւ խմբերի ղեկավարների հետ: Նույն օրը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին կընդունեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---