Տեսանելի ապագայում Եվրոպան ոչ ոքի խոստումներ չի տալու ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը գլխավորելուց երեք ամիս առաջ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է այն հիմնական թեմաները, որոնցով նա զբաղվելու է ԵՄ-ում Գերմանիայի նախագահության ընթացքում: Այդ թեմաներն են` համագործակցության խորացումը Եվրամիության ներսում, Եվրոպական սահմանադրության ընդունման գործընթացի շարունակությունը, ինտենսիվ բանավեճը եվրոպական արժեքների շուրջ, ԵՄ ակտիվացումը էներգետիկ եւ այլ գիտական հետազոտությունների ոլորտում, ինչպես նաեւ Եվրոպայի ակտիվ մասնակցությունը գլոբալիզացիայի գործընթացին: Գերմանիան ԵՄ-ում կնախագահի 2007 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում: Անդրադառնալով ներեվրոպական քաղաքականությանը` Մերկելը արտահայտվել է Եվրամիության անդամ երկրների միջեւ համագործակցության խորացման օգտին, ԵՄ նոր անդամներ ընդունելու փոխարեն: Նրա խոսքերով, այդ երկու գործընթացները հնարավոր չէ զուգահեռաբար անցկացնել: Ուստի հարկավոր է «հստակ ասել, որ տեսանելի ապագայում Եվրոպան ոչ ոքի խոստումներ չի տալու ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ»: Ընդ որում կանցլերը նշել է, որ նրա արտահայտությունները կարող են չափազանց կարծր թվալ որոշ արեւելաեվրոպական երկներին, օրինակ, Լեհաստանին, որը հանդես է գալիս ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին: Այդ հարցում Մերկելը ստացել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզզոյի աջակցությունը: Ինչպես նա հայտարարել է Բեռլինում, 2007 թվականին ակնկալվող Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցությունից ԵՄ-ին, Եվրամիությունն այլեւս չի ընդլայնվի մինչ եվրոպական կառույցների բարեփոխումների ավարտը, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---