Կոսովոն մտադիր չէ անկախություն հռչակել միակողմանի կարգով

PanARMENIAN.Net - Կոսովոն մտադիր չէ անկախություն հռչակել միակողմանի կարգով, այլ կհամակարգի իր գործողությունները Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն: «Մեզ համար չափազանց կարեւոր է, որ գործընթացը համակարգված լինի եւ զարգանա միջազգային հանրության, ԱՄՆ-ի եւ առաջին հերթին ԵՄ-ի հետ սերտ համագործակցությամբ»,-ասել է Սեյդիուն ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ բանակցություններից հետո:



Վաշինգտոնյան բանակցություններում Սեյդիուից բացի Կոսովոյի պատվիրակության կազմում են Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Կոլ Բերիշն ու երկրամասի վարչապետ Ագիմ Չեքուն: Ենթադրվում է, որ չորեքշաբթի օրը, Վաշինգտոն կժամանի Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչը: Ավելի վաղ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն Մըքքորմակն ասել էր, որ Ռայսը համբերության կոչով է դիմելու Կոսովոյի առաջնորդներին, քանի որ ոչ ոք չի շահի սկսված դիվանագիտական գործընթացի արգելակումից: «Մենք շարունակում ենք խորհրդակցություններն եվրոպացիների հետ եւ անշուշտ պահպանում ենք շփումները Ռուսաստանի հետ այդ` Կոսովոյի հարցի վերաբերյալ»,-հավաստիացրել է Մըքքորմակը, գրում է Լենտա-ռու-ն:



Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Կոսովոյի վերաբերյալ նոր բանաձեւի հեղինակները հանեցին այն քվեարկությունից ՄԱԿ-ի ԱԽ-ում եւ հանձնարարեցին շփման խմբին, որտեղ ընդգրկված են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, բանակցություններ նախաձեռնել Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ: Դա կատարվեց այն պատճառով, որ Ռուսաստանը սպառնաց վետո կիրառել քվեարկության ժամանակ: Ըստ ռուս դիվանագետների, չնայած ուղղումներին, բանաձեւը փաստորեն անկախություն է տրամադրում Կոսովոյին, անտեսելով Սերբիայի դիրքորոշումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---