Եվրոպական կառույցները պետք է իրենց ջանքերն ուղղեն Հարավային Կովկասում վստահության մթնոլորտի ձեւավորմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ առաքելությունների ձախողման խնդրին, մասնավորապես Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցող Էդդի Օ՛Հարայի` Հարավային Կովկաս եւ Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ ԵԽԽՎ բյուրոյի Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի այցերի տապալումը` Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին պահին նախապայմանների ներկայացմամբ: Պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ նախագահին առաջարկեց Բյուրոյի ուշադրությանը ներկայացնել այս խնդիրները, ինչպես նաեւ դիմել ԵԽ Նախարարների կոմիտեին եւ Գլխավոր քարտուղարին համապատասխան քայլեր ձեռնարկել ԵԽ

առաքելությունների իրագործման ուղղությամբ:



Անդրադառնալով 2007 թվականի հուլիսին Հարավային Կովկաս կատարած իր այցին` ԵԽԽՎ նախագահը մտահոգություն հայտնեց, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին որեւէ առաջընթաց չի արձանագրվել, այլ նկատվում է հարաբերությունների սրում եւ մթնոլորտի լարում: Այս կապակցությամբ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մատնանշեց Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները, որոնք հանգեցնում են իրավիճակի սրմանն ու լարվածության մակարդակի բարձրացմանը: Այս առումով պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը կարեւորեց ԵԽ եւ մյուս եվրոպական կազմակերպությունների դերակատարումը, որոնք պետք է իրենց ջանքերն ուղղեն Հարավային Կովկասում վստահության մթնոլորտի ձեւավորմանը, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, ինչը կարեւոր գործոն է հակամարտությունների կարգավորման համար:



Անդրադառնալով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Բեռլինում սառեցված հակամարտությունների վերաբերյալ կայանալիք համաժողովին, պարոն Դավիթ Հարությունյանը առաջարկեց որպես հակամարտության կողմ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին, ընդգծելով, որ ԼՂ մասնակցությանը կապահովի հավասարակշռություն` թե մասնակցության, թե կարծիքների ներկայացման առումով:



Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում սկիզբ է առել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության կազմի մեջ են մտել ՀՀ խորհրդարանի պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, եվրաինտեգրման հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆի Հովհաննիսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը, ինչպես նաեւ պատգամավորներ Գրիգոր Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---