Մուսթաֆա Աքյոլ. Թուրքիայում սկսում են պահանջներ հնչել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու մասին

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան պետք է բարելավեն հարաբերությունները: Նման համոզմունք հայտնեց «Թրքիշ դեյլի նյուս» թերթի խմբագրի տեղակալ Մուսթաֆա Աքյոլը: Նա նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ երկխոսության կարիք կա: «Եվ պատմական վեճերն ու 1915 թվականի հայկական ողբերգությունը չպետք է արգելափակեն դրանց ուղղված ջանքերը: Ցավոք սրտի, առայժմ այս ամենից խուսափել չի ստացվում: Սրան էլ գումարած` չմոռանանանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները` կապված Lեռնային Ղարաբաղի հետ: Ուստի Ադրբեջանը ճնշում է գործադրում թուրքական կառավարության վրա, որպեսզի այն երկխոսության մեջ չմտնի եւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատի Հայաստանի հետ»,-հայտարարել է Աքյոլը «Ազատություն» ռադիոկայանին:



Մուսթաֆա Աքյոլի վկայությամբ, Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցի շուրջ հնչող կարծիքներում որոշակի տեղաշարժ է նկատվում: «Թուրքիայում կան մարդիկ, որոնք պահանջում են հարաբերություններ սկսել Հայաստանի հետ: Կան հասարակական կազմակերպություններ, որ հանդես են գալիս նման պահանջով: Կարծում եմ, ներկայիս կառավարությունը եւս այս հարցում ավելի մեղմ է տրամադրված, քան նախորդ կառավարություններն ու իշխանական, բյուրոկրատական համակարգի շատ ներկայացուցիչներ»:



«Թրքիշ դեյլի նյուս»-ի խմբագրի տեղակալի տպավորությամբ` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կազմած կառավարությունը կարող է սկսել նման երկխոսություն, սակայն ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովում վերջերս ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւը եւ նմանատիպ մյուս որոշումներն ու քաղաքական մոտեցումները «չեն նպաստում դրան: Նման ճնշումը բացասական հետեւանքների է հանգեցնում` ստիպելով Թուրքիային դառնալ ավելի ազգայնական ու մեկուսացած»:



Այդուհանդերձ, Մուսթաֆա Աքյոլը հույս ունի, որ թուրքական կառավարությունը, ի վերջո, կապեր կհաստատի Հայաստանի հետ: «Թուրքիայի գործող ղեկավարները ավելի կենտրոնացած են տնտեսական խնդիրների վրա, ուստի նրանք հասկանում են, թե Հայաստանի հետ կապերի հաստատումը ինչպիսի հնարավորություններ է ստեղծելու», - ասաց թուրք լրագրողը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---