2007 թվականին ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ աճել է 65 տոկոսով

PanARMENIAN.Net - 2007 թվականին շարունակվել է հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ասվում է ՀՀ արտգործնախարարության Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ 2007 թվականի տարեկան զեկույցում: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ եւ ՌԴ նախագահները աշխատանքային հանդիպում են ունեցել հունվարին եւ օգոստոսին Սոչիում, որտեղ քննարկել են էներգետիկայի, մեքենաշինության, կապի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության եւ այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի կողմից իրականացվող կապիտալ ներդրումների ծավալների ավելացման խնդիրները: Կայացել են նաեւ երկու նախագահների մի շարք հանդիպումներ միջազգային տարբեր ֆորումների շրջանակում:



2007թ. ընթացքում տեղի են ունեցել ՀՀ եւ ՌԴ բարձրաստիճան պատվիրակությունների բազմաթիվ փոխայցելություններ.

- հունվարին մասնավոր այցով Մոսկվայում էր գտնվում ՀՀ նախագահը, որը հանդիպումներ է ունեցել ՌԴ արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Վ. Խրիստենկոյի, ՌԴ ատոմային էներգիայի Դաշնային գործակալության ղեկավարի եւ «Ռուսաստանյան երթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի հետ,

- ապրիլին կայացել է նաեւ ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ս. Իվանովի աշխատանքային այցը Հայաստան,

- սեպտեմբերին ՌԴ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վ. Զուբկովի, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Ս. Իվանովի, Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի եւ Եվրասիական տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Գ. Ռապոտայի հետ: Քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ստորագրվել է միջկառավարական արձանագրություն` անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին:



Տարվա ընթացքում տեղի են ունեցել ՌԴ եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ս. Լավրովի եւ Վ. Օսկանյանի փոխադարձ այցելություններ` Երեւան (ապրիլին ) եւ Մոսկվա (դեկտեմբերին): Նախարարները հաստատեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, որի օրակարգը բավական ընդգրկուն է: Երկուստեք նշվեց նաեւ, որ արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ դիրքորոշումները համընկնում են:Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքն ու զարգացման միտումները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկվեցին նաեւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացները, Ռուսաստանի կողմից ԵՍԶՈՒ-ի պայմանագրին անդամակցությունը կասեցնելու հետեւանքները, ԵԱՀԿ բարեփոխումները ու Կոսովոյի հիմնախնդիրը: Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի, ՀՀ-ում հավատարմագրված եւ Մոսկվայում գտնվող օտարերկրյա դեսպանների հետ, ինչպես նաեւ ելույթ է ունեցել ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում:



Հաշվետու տարում շարունակվել է երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը: Հունիսին պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար

Մ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, իսկ հոկտեմբերին` ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ս. Օհանյանը: Հոկտեմբերին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար

Ա. Սերդյուկովի այցը Հայաստան: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում հայ-ռուսական երկկողմ եւ ՀԱՊԿ անդամ երկրների հետ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:



2007թ. իրականացվել է ակտիվ միջխորհրդարանական համագործակցություն: Հոկտեմբերին կայացավ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ն. Ռիժկովի այցը Հայաստան եւ ՀՀ ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի գլխավորած պատվիրակության այցը Սանկտ Պետերբուրգ:



Հաշվետու տարում ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-երի միջեւ անց են կացվել ակտիվ քաղաքական խորհրդակցություններ, որոնցից առավել նշանակություն են ունեցել Երեւանում եւ Մոսկվայում ՀՀ փոխարտգործնախարար Գ. Ղարիբջանյանի եւ ՌԴ ԱԳ պետքարտուղար, նախարարի տեղակալ Գ. Կարասինի մասնակցությամբ կայացած խորհրդատվությունները:



Սեպտեմբերին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության ուղղությունները` տրանսպորտի, էներգետիկայի, մշակութային եւ այլ բնագավառներում: Ընդգծվել են այն հիմնական ուղղությունները, որոնք առավել կարեւոր են հետագա փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար: Նիստում հաստատվել է հայ-ռուսական տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մինչեւ 2010թ. ընկած ժամանակահատվածը:



Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերներից է: 2007թ. Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը Ռուսաստանի հետ աճել է 65%-ով: Ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, Ռուսաստանի ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ավելացել է ավելի քան հինգ անգամ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---