Եվս մեկ թուրք պրոֆեսոր դարձել է 301-րդ հոդվածի զոհը

PanARMENIAN.Net - Պրոֆեսոր Աթիլլա Յայլան դատապարտվել է 15 ամսվա պայմանական ազատազրկման Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը պղծելու համար: Պետական մեղադրողը պահանջել է 5 տարվա ազատազրկում: Յայլան քրեական պատասխանատվության է կանչվել այն բանից հետո, երբ ելույթ ունենալով բանավեճի ժամանակ, թույլ է տվել իրեն ենթադրել, որ Աթաթուրքի ժամանակ ստեղծված հանրապետությունը քաղաքականապես այդքան առաջադեմ չի եղել, ինչպես դա այժմ են ներկայացնում:



Դատավարությունը նորից այժմէական դարձրեց Թուրքիայում խոսքի ազատության հարցը` դա այն կարեւոր կետերից մեկն է, որը մտավախություն է առաջացնում Եվրոպայում, երբ խոսքը գնում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին: Այս լսումները նույնպես փորձություն են, թե որքան է թույլատրվում հետազոտողներին բանավիճել թուրքական պատմության դեժ հարցերի շուրջ: Թուրքիայում ընդունված չէ կասկածել Աթաթուրքի ծառայությունների հարցում:



Պրոֆեսոր Յայլան նաեւ զգուշացրել է, որ որքան մոտենա Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, գնալով եվրոպացիները կսկսեն հետաքրքվել Աթաթուրքի անձի պաշտամունքի հարցերով:



Թուրքական մամուլն անմիջապես հարձակվել է գիտնականի վրա, նա ազատվել է աշխատանքից Անկարայի համալսարանում եւ կանչվել քրեական պատասխանատվության:



Աթիլլա Յայլան, որը հայտնի լիբերալ է, հերքել է ժամանակակից Թուրքիայի հիմնադրին վիրավորելու մեղադրանքները` հայտարարելով, թե գիտնականներին պետք է երաշխավորվի խոսքի ազատությունը, որպեսզի նրանք կարողանան զբաղվել հետազոտական աշխատանքով:



Պրոֆեսորի դատը համընկավ թուրքական խորհրդարանում մեկնարկող օրենքի քննարկումների հետ, որով սահմանափակվում է խոսքի ազատությունն երկրում: Խոսքը գնում է «թուրքական պետականությունը վիրավորելու մասին» 301-րդ հոդվածի մասին, որի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել մեկ տասնյակ գրողների, լրագրողների եւ գիտնականների, այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի դեմ:



ԵՄ-ն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ պահանջում է փոխել այդ օրենքը, սակայն թուրքական կառավարությունը ստիպված է հաղթահարել ազգայնականների կոշտ դիմադրությունը ինչպես իշխող կուսակցության ներսում, այնպես էլ ընդդիմության շարքերում: Միեւնույն ժամանակ Աթաթուրքի հիշատակին վերաբերող օրենքի փոփոխության հարցը նույնիսկ օրակարգում չէ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---