Gaz de France-ը չի մասնակցի Nabucco նախագծին, պատճառը` Հայոց ցեղասպանությունն է

PanARMENIAN.Net - Gaz de France-ը հրաժարվել է Nabucco գազամուղի շինարարության նախագծին մասնակցելու մտադրությունից եւ կքննարկի South Stream նախագծին մասնակցելու հնարավորությունը: Փետրվարի 7-ին Թուրքիան դեմ հանդես եկավ GDE մասնակցությանը նախագծին` քաղաքական պատճառներով: Անկարայում դժգոհ են, որ Ֆրանսիան օրենք է ընդունել, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման համար եւ այն փաստից, որ Ֆարնսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, հաղորդում է «Ռոյթերսը»:



Nabucco գազամուղը պետք է կապի միջերկրական երկրները Կենտրոնական Եվրոպայի հետ` շրջանցելով Ռուսաստանը, ինչի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Նախագծի իրագործման կոնսորցիումի անդամներ են OMV (Ավստրիա), MOL (Հունգարիա), Transgaz (Ռումինիա), Bulgargaz (Բուլղարիա) եւ Botas (Թուրքիա) կոնցերնները, ինչպես նաեւ գերմանական RWE ընկերությունը, որը նախօրեին համաձայնագիր է ստորագրել կոնսորցիումին անդամակցելու վերաբերյալ: Nabucco-ի կառուցումը, որն անցնելու է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքներով, ենթադրվում է սկսել այս տարի: Nabucco գազամուղի շինարարությունը սկսելու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 2007թ. ամռանը: Ենթադրվում էր, որ գազի առաքման մոտակա ժամկետը 2012 թվականը կլինի: Սակայն, ինչպես հայտնի դարձավ չորեքշաբթի, Nabucco գազամուղի շահագործումը հետաձգվել է մինչեւ 2013թ.:



Ինչպես հաղորդել է Gaz de France-ը, ընկերությունը մտադիր է քննարկել մասնակցությունը այլ նախագծերին, մասնավորապես ռուս-գերմանական South Stream` «Հարավային հոսանք» գազատարի նախագծին, որը փորձագետներն արդեն իսկ համարում են Nabucco-ի մրցակիցը: «Հարավային հոսանքը» կանցնի Սեւ ծովի տարածքով եւ Բուլղարիայի տարածքում կբաժանվի երկու գազամուղի, որից մեկը գազ կառաքի Ավստրիա եւ Սլովենիա, իսկ մյուսը` Իտալիայի հարավ: Գազատարի կառուցումն իրականացնում է ռուսական Գազպրոմը եւ իտալական Eni-ին: Ենթադրվում է, որ «Հարավային հոսանքի» շինարարությունը կավարտվի 2012 թ.:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---