Ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը կլինի այդ տարածքում բնակվող ժողովրդի կամքը հարգելը

PanARMENIAN.Net - «Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը այդ տարածքում բնակվող ժողովրդի մեծամասնության կամքը հարգելն է: Ուստի մեզ թվում է, որ արդարացի կլիներ, եթե ադրբեջանական կողմը, հարգելով ժողովրդի կամքը, ինքը կամավոր ճանաչեր Ղարաբաղի անկախությունը կամ ճանաչեր, որ Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մի մասը, ինչպես դա եւ եղել է հեղափոխությունից հետո, երբ Նարիմանովը ճանաչում էր Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Սակայն, ցավոք, այսօր Բաքվում այլ մոտեցում է իշխում: Իսկ ինչ վերաբերում է երկու հանրապետությունների տնտեսական ներուժի համեմատությանը, հավանաբար, այստեղ ինչ-որ թաքնված սպառնալիք է նկատվում թե ուժեղացող Ադրբեջանը կարող է օգտագործել այդ ռեսուրսը այդ խնդիրը ռազմական ճանապարհով իր օգտին լուծելու համար: Այո, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում նավթ ու գազ կա: Սակայն Հայաստանը միշտ հարուստ է եղել ոչ թե իր հանքային ռեսուրսներով, այլ իր գիտական, տեխնոլոգիական ներուժով եւ ժողովրդի աշխատասիրությամբ»,-նշել է ՌՀՄ նախագահը:



«Կարծում եմ, ժամանակակից տնտեսությունը գիտելիքների, բարձր տեխնոլոգիաների տնտեսություն է: Եվ, գուցե հենց շրջափակումը ստիպի Հայաստանին առավել բարձր տեմպերով զարգացնել գիտելիքի, տեղեկատվական տեխնոլոգիաների տնտեսությունը եւ նա կստեղծի աշխարհի ամենազարգացած արդյունաբերական երկրներում ներկայացված ամենաբարձր նմուշներին համապատասխանող տնտեսության կառուցվածք: Նման օրինակներ մեզ ծանոթ են ոչ վաղ անցյալից: Դա վերաբերում է Հարավ-Արեւելյան Ասիային, Ճապոնիային եւ էլի մի շարք պետություններին, որոնք, չունենալով բնական ռեսուրսներ եւ գտնվելով շատ բարդ տնտեսական վիճակում, ստիպված եղան զարգացնել նոր տեխնոլոգիաները եւ փոխհատուցել նավթի, գազի, մետաղների, ոսկու, ալմաստների բացակայությունը գիտության, տեխնիկայի, արդյունավետ մենեջմենթի ոլորտում իրենց նվաճումներով եւ դարերից ի վեր հայտնի իրենց ժողովրդների աշխատասիրությամբ»,-եզրափակել է Արա Աբրահամյանը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---