Ղարաբաղյան խնդրի լուծման ցանկացած տարբերակ պետք է բխի հայ ժողովրդի շահերից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի լուծման ցանկացած տարբերակ պետք է բխի հայ ժողովրդի շահերից, այլ մոտեցում այստեղ լինել չի կարող: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Ինչ վերաբերում է «Մեղրիի» ծրագրին, ապա ես անձամբ կասկածում եմ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված «փաստաթղթի» իրականությանը: Հայաստանի արտգործնախարարն արդեն իսկ մեկնաբանել է իրավիճակը: Որքանով ես տեղյակ եմ, ադրբեջանական աղբյուրները նույնպես ժխտում են «համաձայնագրի» իրական լինելը: Սակայն քննարկվել է արդյոք ղարաբաղյան ղեկավարության հետ կարգավորման այս կամ այն տարբերակը, ես ասել չեմ կարող: Ամեն դեպքում, խորհրդարանական մակարդակով, 2000 թվականից ի վեր, «Մեղրիի» ծրագիրը երբեք քննարկման առարկա չի եղել»,-ասել է Վ.Աթանեսյանը, հաղորդում է KarabakhOpen-ը:



Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է լրագրողներին, որ Մեղրին Ղարաբաղի հետ փոխելու գաղափարը շրջանառության մեջ էր մտցվել ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլի կողմից դեռեւս 90-ականների սկզբին, սակայն երբեք բանակցությունների առարկա չի եղել: «Խոսակցություններ այն մասին, ինչի մասին ասում է Տեր-Պետրոսյանն, եղել են, սակայն դրանց այնպիսի հակազդեցություն է տրվել, որ 2000 թվականից հետո ոչ ոք չի համարձակվել անդրադառնալ այդ հարցին: Սակայն դա միջնորդների առաջարկը չի եղել: Ես ինքս, որպես բանակցությունների մասնակից, չեմ քննարկել այդ փաստաթուղթը»,-ասել է Օսկանյանը:



Հիշեցնենք, որ փաթեթային կարգավորման տարբերակում, Ղարաբաղը ճանաչվում էր ադրբեջանական ինքնավարություն, որը պետք է ունենար իր արտաքին ատրիբուտները` դրոշը, օրհներգը, սակայն ղարաբաղցիները պետք է ունենային ադրբեջանական անձնագրեր եւ մասնակցեին Ադրբեջանում կայանալիք ընտրություններին: Լ.Տեր-Պետրոսյանը չստորագրեց փաթեթային տարբերակը, սակայն համաձայնեց երկրորդ` փուլային տարբերակին, ըստ որի Ադրբեջանին էին վերադարձվում «անվտանգության գոտու» տարածքները, որ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ են, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---