Իրանը շարունակելու է իր հետազոտությունները միջուկային բնագավառում

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` ԱԺ նախագահը բարձր գնահատական տվեց հայ-իրանական հարաբերություններին` որակելով դրանք որպես շարունակաբար վերելքի մեջ գտնվող` անկախ տարածաշրջանային ու համաշխարհային վայրիվերումներից: Պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ առեւտրատնտեսական կապերին, որոնց վերջին տարիների աննախընթաց զարգացումը, հիանալի համագործակցությունը էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում վկայում են` երկու երկրների հարաբերությունների զարգացումը տալիս է շատ լավ արդյունքներ: րկու երկրների համագործակցությունը օրինակելի համարվեց տարածաշրջանում եւ աշխարհում` իբրեւ տարբեր կրոններ դավանող ժողովուրդների ու պետությունների բարիդրացիական փոխհարաբերություն: Պարոն Թորոսյանը միջպետական հարաբերությունների շրջագծում կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք բնականոն զարգանում են եւ հաջողություններ մաղթեց ԻԻՀ խորհրդարանի նախագահին, պատգամավորներին ու ԻԻՀ ողջ ժողովրդին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:



ԱԺ նախագահը նաեւ վստահություն հայտնեց, որ դեսպանի աշխատանքը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը եւ հաստատեց աջակցության պատրաստակամությունն այն հարցերում, որոնք առնչվում են խորհրդարանին: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը, որ արդեն մեկ ամիս Հայաստանում է եւ հանդիպել է երկրի նախագահի, վարչապետի, կառավարության մի քանի անդամների հետ, գոհունակություն հայտնեց իր հանդիպումներից` նշելով, որ իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի միջպետական հարաբերությունների զարգացման նպատակով: Պարոն Սաղայանը ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ-Ադելի ողջույնները փոխանցելով ԱԺ նախագահին եւ կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը` վերահաստատեց Թեհրան պաշտոնական ացի հրավերը, որը տեղի կունենա արդեն ԻԻՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո: Նա եւս բարձր գնահատական տվեց իրանահայկական հարաբերություններին, որոնք դարավոր պատմություն ունենալուց բացի, նաեւ կարող են օրինակելի լինել այլ երկրների համար: Դեսպանի խոսքով` Իրանը միշտ էլ եղել է ու լինելու է Հայաստանի կողքին:





Հանդիպման ընթացքում դեսպանն ԱԺ նախագահին իրազեկեց Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին զարգացումներին: Նա հայտնեց, որ ԻԻՀ-ն մշտական շփումների մեջ է ՄԱԳԱՏԷ-ի եւ միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ երկրների հետ եւ միջուկային զենքի արտադրությամբ չի զբաղվում, այլ, ծավալելով իր գործունեությունը այդ ոլորտում միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում, նպատակ ունի էլեկտրաէներգիայի արտադրության, քանզի չվերականգնվող էներգակիրները մի օր սպառման ենթակա են:





Դեսպանը նշեց, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալ հաշվետվությանը, գլխավոր քարտուղար Էլ Բարադեյի հայտարարությանը, որ ՄԱԳԱՏԷ-ն վերահսկում է միջուկային ոլորտում ԻԻՀ-ի գործունեությունը, ԻԻՀ-ի ղեկավարության հայտարարություններին, որ միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԻԻՀ-ի դեմ բանաձեւ է նախապատրաստում: Այնուհանդերձ` ԻԻՀ-ն շարունակելու է իր գիտական ուսումնասիրությունները, որոնց հաջողությունները ընդունում են նաեւ հակառակորդները, եւ նորանոր նվաճումների է հասնելու: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ բոլոր երկրները հավասար են միջազգային իրավունքի շրջանակներում, ունեն միջազգային համաձայնագրերով սահմանված նույն իրավունքներն ու պարտականությունները եւ բոլորը պետք է հարգեն այդ իրավունքներն ու պարտականությունները: Ցավոք, հայ ժողովուրդն էլ ունեցել է առիթներ համոզվելու, որ որոշ դեպքերում չեն հարգվում միջազգային իրավունքի նորմերը, բայց միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող կամ շրջանցող որեւէ երկիր չի կարող այդ ճանապարհով հաջողության հասնել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---