Սերբիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ` խնդրելով քննարկել իրավիճակը Կոսովոյում

PanARMENIAN.Net - Սերբիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` խնդրելով քննարկել իրավիճակը Կոսովսկա-Միտրովիցայում, որտեղ վերջին օրերին ընդհարումներ եղան Կոսովոյի անկախությունը չճանաչող կոսովցի սերբերի եւ ՄԱԿ-ի ոստիկանական ուժերի ու KFOR-ի զինծառայողների միջեւ: Այդ մասին ասվում է Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչի ԱԽ նախագահի, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հղած նամակում:



Վուկ Երեմիչը գնահատել է ՄԱԿ-ի ոստիկանների եւ ՄԱԿ-ի միջազգային ուժերի զինծառայողների` KFOR գործողությունները որպես «ուժի չարաշահում եւ Կոսովոյում միջազգային անվտանգության ուժերի ներկայության մանդատի խախտում»: «ՄԱԿ-ի կողմից լիազորված անձնակազմի այդ չհիմնավորված եւ անընդունելի գործողությունների արդյունքում լարվածությունը Կոսովոյւմ աճել է»,-ընդգծել է նախարարը: Նրա կարծիքով, Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության սխալը կարող է առաջացնել այլ սխալներ եւ ավարտվել երկրամասում իրադարձությունների անվերահսկելի զարգացմամբ:



Կոսովսկա-Միտրովիցայում դատարանի գործադուլ անող աշխատակիցների դեմ ուժի կիրառման մասին հրամանը տրվել է Կոսովոյում սերբերի դեմ ալբանացիների կողմից իրականացված զանգվածային բռնադատումների չորրորդ տարելիցի օրը: «Կոսովսկա-Միտրովիցայում սերբերին ցրելու ժամանակը կասկածի տակ է դնում Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության բարի մտադրությունները: Որքանով մենք հասկանում ենք իրավիճակը, ՄԱԿ-ի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները KFOR-ի աջակցությամբ կիրառելով ծանր սպառազինության տեսակներ, գրավեցին դատարանի շենքը, որը գտնվում էր նախկինում այնտեղ աշխատող սերբ աշխատակիցների հսկողության տակ եւ ձերբակալել են ներկաներին` այնուհետեւ տեղափոխելով նրանց Պրիշտինա: Այդ գործողության ժամանակ կիրառվել են մարտական փամփուշտներ, խլացնող նռնակներ եւ արցունքաբեր գազ: Շուրջ 70 մարդ վիրավորվել է»,-ներկայացրել Երեմիչը պաշտոնական Բելգրադի տեսակետը անցած երկուշաբթի Կոսովսկա-Միտրովիցայում կատարվածի վերաբերյալ:



Սերբիայի ԱԳՆ ղեկավարը հաղորդել է նաեւ, որ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որտեղ Բելգրադը պնդում է, որ Պան Գի Մունը հրահանգի հետաքննություն սկսել Կոսովսկա-Միտրովիցայի իրադարձությունների առնչությամբ: Վ.Երեմիչն ընդգծել է, որ միակողմանի ակցիաները, ինչպես Կոսովոյի անկախության հռչակումը, ոչ մի խնդիր չեն լուծում, այլ նորերն են ստեղծում: Նա կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ԱԽ-ին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ փոխզիջման հասնելու համար` ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւի հիման վրա եւ հավաստիացրել է, որ Սերբիան իր կողմից նույն մոտեցումը կորդեգրի:



«Մենք հավատարիմ ենք մնում ազնիվ բանակցություններին եւ համոզված ենք, որ բաց եւ անկեղծ երկխոսությունը մեր ներկայիս դժվարությունները հաղթահարելու եւ մեր հարավային երկրամասում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու միակ ուղին է»,-ասվում է Սերբիայի ԱԳՆ ղեկավարի ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահին ուղղված նամակում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---