Միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությանը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստանի կառավարությանը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը, երաշխավորել լրատվամիջոցների ազատությունն ու նախաձեռնել վերջերս տեղի ունեցած բռնի գործողությունների անկախ հետաքննություն, հաղորդում է ԵԽ մամլո ծառայությունը: «Արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի Հայաստանում, եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվի` պարզաբանելու, թե ինչ է իսկապես տեղի ունեցել Երեւանում մարտի 1-ին ոստիկանության եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ առճակատման ընթացքում» ,- ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Ստրասբուրգում Հայաստան կատարած եռօրյա այցից հետո:



«Գրաքննությունը, որը ներմուծվել է արտակարգ իրավիճակի հետ միասին, նպաստել է բնակչության շրջանում կատարվածի շուրջ ասեկոսներին եւ անհանգստությանը այն ժամանակ, երբ վստահության վերականգնման միջոցառումների խթանման կարիք կար: Այն փաստը, որ որոշ կառավարամետ լրատվամիջոցներ հակված էին պախարակել ընդդիմությանը, մինչ ընդդիմադիր մամուլը չէր շրջանառվում, չի նպաստել կառուցողական մթնոլոտին»,- ասել է Թոմաս Համմարբերգը: Նա առաջարկել է, որ չեղյալ հայտարարվեն լրատվամիջոցների եւ խոսքի ազատության նկատմամբ առկա բոլոր սահմանափակումները: «Յոթ քաղաքացի եւ մեկ ոստիկան սպանվել են, շատերը վիրավորվել: Անհրաժեշտություն կա պարզաբանել, թե ի՞նչ է կատարվել իրականում եւ ի՞նչն է հրահրել բռնության պոռթկումը: Երկու կողմերը ներկայացնում են իրադարձությունները շատ տարբեր ձեւերով, եւ շատ կարեւոր է, նաեւ մարդու իրավունքների տեսանկյունից, հիմնական փաստերը հաստատելը: Սա կարելի է անել միայն բազմակողմանի հետաքննության միջոցով, որը անկախ է, անկողմնակալ ու թափանցիկ եւ արժանահավատ` ամբողջ բնակչության ընկալմամբ»:



«Նման հետաքննությունը նաեւ պետք է հետապնդի դասեր քաղելու եւ ապագայում նմանօրինակ իրավիճակների հանգուցալուծման ձեւերի մասին առաջարկություններ մշակելու նպատակ: Օրինակ թվում է, ակնհայտ է, որ Հայաստանի ոստիկանությանն անհրաժեշտ է ավելի շատ պատրաստվածություն ձեռք բերել զանգվածային անկարգությունների վերահսկման միջոցների ոլորտում. կատարվել են լուրջ սխալներ»: «Այսպիսի հետաքննության իրականացումը Հայաստանում դյուրին չի լինի ներկա բեւեռացված միջավայրում: Միջազգային համայնքը պատրաստակամություն է հայտնել մասնակցություն կամ այլ օժանդակություն ցուցաբերել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը` փորձառությանը, արհեստավարժությանը եւ արժանահավատությանը նպաստելու նպատակով»:



«Ցուցարարները, ովքեր բռնի գործողություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության կանչվեն, ինչպես պետք է պատասխանատվության կանչվեն ոստիկանները, ովքեր թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ են կիրառել: Սակայն, ձերբակալություններ եւ հետապնդումներ չպետք է իրականացվեն մարդկանց նկատմամբ զուտ ցույցերին մասնակցելու կամ կառավարության դեմ ուղղված կարծիքներ արտահայտելու համար: Հանձնակատարը նաեւ կոչ է անում ազատ արձակել ձերբակալված 18 տարեկանից ցածր բոլոր երեխաներին այս կապակցությամբ: Պարզվում է, որ մեղադրող կողմը լայնորեն է մեկնաբանում Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ` գործնականում արգելելով կառավարության դեմ ողջ ուժեղ քննադատությունը եւ քարոզչությունը: Սա հակասում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային»:



Հանձնակատար Համմարբերգը նաեւ շեշտել է ձերբակալվածների նկատմամբ ցանկացած անպատշաճ վերաբերմունքի դրսեւորում կանխելու անհրաժեշտությունը: Մարտի 1-ին հաջորդել են դեպքեր, երբ ձերբակալվածներն իրենց ընտանիքների անդամների հետ կապվելու կամ փաստաբան ունենալու հետ կապված դժվարություններ են ունեցել: Բացի այդ, նրանց ձերբակալման գրանցումը որոշ դեպքերում չի իրականացվել ներպետական օրենսդրությանը համապատասխան:



Հանձնակատարը նաեւ տեղեկացրել է ձերբակալությունների եւ մի քանի դեպքերում ոստիկանության բաժանմունք տեղափոխման ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ: Նա ողջունում է Գլխավոր դատախազի մարտի 1-ին ցուցարարների եւ անցորդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնության բոլոր գործողությունների ի պաշտոնե հետաքննություն իրականացնելու որոշումը: Հանձնակատարը ընդգծում է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման սահմանված երաշխիքների, ինչպես նաեւ մեղադրվողների ընթացակարգային իրավունքների պաշտպանության ապահովման նկատմամբ հարգանքի բացարձակ կարեւորությունը:



Հանձնակատարը ողջունել է Նախագահի այն հայտարարությունը, որ մարդու իրավունքների ներկա սահմանափակումներն աստիճանաբար կվերանայվեն եւ չեղյալ կհայտարարվեն: Նա շեշտել է այժմ արտակարգ իրավիճակին վերջ դնելու կարեւորությունը:



Հիշեցնենք որ իր եռօրյա այցի ընթացքում Թոմաս Համմարբերգը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի եւ ոստիկանական ծառայության ղեկավարի հետ: Նա հանդիպել է նաեւ նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---