ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արեւելք կասեցված է

PanARMENIAN.Net - Գերմանիան եւ Արեւմտյան Եվրոպայի մյուս պետությունները չեն սատարում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կարեւոր մի հարցում` Եվրոպայի երկրները չեն ցանկանում թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Վրաստանն ու Ուկրաինան ստանան անդամակցության թեկնածուների կարգավիճակ, գրում է Financial Times թերթը:



Թերթի մեկնաբանի կարծիքով, Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու ցանկության ետեւում թաքնված է Ռուսաստանին չբարկացնելու ցանկությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է հրթիռներն ուղղել Ուկրաինայի վրա, եթե երկիրը միանա ՆԱՏՕ-ին: Պուտինի հետնորդ Դմիտրի Մեդվեդեւը բացասաբար է վերաբերում այդ երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Նման քայլերը սպառնալիք են Եվրոպայի անվտանգության համար, հայտարարել է Մեդվեդեւն այս շաբաթ Financial Times թերթին տված հարցազրույցում:



Հյուսիսատլանտյան դաշինքի առաջխաղացումն Արեւելք (այժմ սահմանն անցնում է Բալթիայի եւ Լեհաստանի մոտով, մինչեւ Բուլղարիա) առայժմ կասեցված է: Այժմ եվրոպացի դիվանագետները քննարկում են այն ձեւակերպումները, թե ինչպես պետք է ՆԱՏՕ-ն հասկացնի Թբիլիսիին եւ Կիեւին, որ առանց անդամակցության գործողությունների ծրագրին միանալու էլ դուռը բաց է մնում: Բացի այդ, Բեռլինը չի ցանկանում վնասել Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ընթացող բանակցություններին Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայման շուրջ ծագած վեճում եւ ԵՍԶՈՒՊ-ը փրկելու շուրջ: Դիվանագետները համոզված են, որ Բեռլինի դիրքորոշման հիմնական պատճառը Ռուսաստանի կարծիքի հետ հաշվի նստելու մեջ է: «Գերմանիան հասկանում է, որ Ռուսաստանը դա ուղղակի չի ների»,-հայտարարում է ՆԱՏՕ-ի Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը կողմ երկրներից մեկի դիվանագետը: ԱՄՆ-ից բացի դրան կողմ են Կանադան, Լեհաստանը եւ մյուս արեւելաեվրոպական երկրները: Անցած շաբաթ նրանք նամակ էին հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերին, որտեղ աջակցություն էին հայտնում Ուկրաինայի եւ Վրաստանի ՆԱՏՕ-ին միանալու մտադրությանը:



Մինչդեռ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաքրաձեն զգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ իր երկրի թեկնածության մերժումը կարող է ապակայունացնել ողջ տարածաշրջանը: Դա մի մեծ «սպառնալիք կլիներ եւ բացասաբար կանդրադառնար հակամարտությունների լուծմանն ուղղված ջանքերի վրա», հայտարարել է նա: Կիեւն ու Թբիլիսին վերջերս պնդում են, որ պետք է միանան ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գործողությունների ծրագրին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---