Սլովենիայի, Չեխիայի եւ Լատվիայի վարչապետները հանդես են եկել Հարավային Կովկասը ԵՄ մեջ ինտեգրելու օգտին

PanARMENIAN.Net - Սլովենիայի, Չեխիայի եւ Լատվիայի վարչապետներ Յանեզ Յանշան, Միրեկ Տոպոլանեկը եւ Իվարս Գոդմանսիսը սլովենական Բլեդում տեղի ունեցող ռազմավարական ֆորումի ժամանակ իրենց համատեղ հայտարարությամբ կոչ արեցին Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման, ինչպես նաեւ արտահայտվեցին այդ տարածաշրջանը Եվրոպական միության մեջ ընդգրկելու օգտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



«Մենք միասնական դիրքորոշման ենք հասել այն հարցում, որ անհրաժեշտ է խաղաղություն, կայունություն եւ տարածքային ամբողջականություն ապահովել Վրաստանում եւ տարածաշրջանում, ինչպես նաեւ, որ այդ շրջանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար տրամադրել»,- հայտնել է Յանշան կիրակի օրը Չեխիայի եւ Լատվիայի կոլեգաների հետ եռակողմ հանդիպումից հետո:



Բլեդում շաբաթ օրը սկսված ամենամյա միջազգային ֆորումի գլխավոր թեմաներ էին առաջադրված էներգետիկայի եւ կլիմայի փոփոխման խնդիրները: Բայց միջոցառման մասնակիցները կքննարկեն նաեւ կովկասյան տարածաշրջանի խնդիրները:



Օգոստոսի 26-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագրեր ստորագրեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ: Դրան նախորդել էր օգոստոսի 8-ին վրացական զորքերի ներխուժումը Հարավային Օսիայի տարածք եւ հաջորդիվ Վրաստանին խաղաղության հարկադրելու ռուսական գործողությունը:



Սլովենիայի, Չեխիայի եւ Լատվիայի վարչապետների կարծիքով, միջազգային հանրությունը պետք է միջամտի հակամարտությանը` դրա հետագա էսկալացիայի արգելակման նպատակով:



Լրագրողների հարցերին պատասխանելով` Յանշան հայտնեց իր անհամաձայնությունը ռուսական պաշտոնական անձանց այն հայտարարության հետ, ըստ որի, նրանք նմանեցնում էին Կոսովոյի եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման դեպքերը: Միաժամանակ սլովենական վարչապետը հանդես եկավ սեպտեմբերի մեկին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ՌԴ դեմ որեւէ պատժամիջոց մտցնելու հարցի քննարկման դեմ, նշելով, որ Սլովենիան «այդ հարցում սատարում է ֆրանսիական կողմի դիրքորոշումը»:



Իր հերթին, Լատվիայի վարչապետ Գոդմանիսը հայտնել է, որ «Ռուսաստանն ու Վրաստանը փաստացիորեն պատերազմի կարգավիճակում են գտնվում,ինչը, իհարկե, հարեւան պետությունների վերաբերյալ ԵՄ քաղաքականության հարցում խնդիրներ է առաջ բերում: Նա նույնպես սատարեց Տոպոլանեկի դիրքորոշմանը. վերջինս հայտնեց, որ «ԵՄ պետք է միասնական արտաքին էներգետիկ քաղաքականություն ունենա աղբյուրների եւ ռեսուրսների փոխադրման հարցում»: Չեխ վարչապետի խոսքերով, դա կդառնա Չեխիայի գերակայություններից մեկը, երբ նա փոխարինի Ֆրանսիային ԵՄ նախագահի պաշտոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---