Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման ու Ղարաբաղի միջեւ կարելի է բավականին էական զուգահեռներ անցկացնել

PanARMENIAN.Net - Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման եւ Ղարաբաղի միջեւ զուգահեռներ կան, եւ բավական էական: Աղբյուրները, քաղաքական-իրավական ասպեկտները, հակամարտությունների զարգացման դինամիկան շատ բաներով նման են: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը:



Նրա խոսքերով, մարտական գործողությունների ընթացքում Ղարաբաղում ստեղծվեց վերահսկման չընդհատվող գոտի եւ շփման առավելագույնս կարճ գիծ, որը հաշվի է առնում ռելյեֆի առանձնահատկությունները, իսկ ռազմականացված անկլավները Շուշիում եւ մի շարք այլ բնակավայրերում չեզոքացվեցին: «Աբխազիայում եւ հատկապես Հարավային Օսեթիայում իրավիճակն այլ կերպ դասավորվեց, այդ պատճառով է, որ 2008թ. Ցխինվալը հայտնվեց մինչ Աղդամում բուֆերային գոտու ստեղծումը 1992-1993թթ. Ստեփանակերտի վիճակում: Վերջերս Բաքուն ուշադիր հետեւում էր Թբիլիսիի գործողություններին եւ շատ անգամ կրկնօրինակում դրանք: Կասկած չկա` եթե Սահակաշվիլիի բլիցկրիգը հաջողվեր, ապա հարձակումը ԼՂՀ-ի վրա մի քանի ամիսների հարց կլիներ, ընդ որում Բաքվում կարող էին հույս ունենալ, որ Արեւմուտքի դիրքորոշումն այնպիսին կլինի, ինչպիսին եղավ վրացական հարձակման առաջին երկու օրերին: Կարծում եմ, այստեղ պատրանքներ լինել չեն կարող»,-ասել է ռուս փորձագետը:



Նա նաեւ ընդգծել է, որ այժմ, վրացական հարձակման տապալումից հետո, ռազմական-ռազմավարական առումով իրավիճակը ինչ-որ բանով նմանվեց Ղարաբաղի իրավիճակին: «Ոչնչացվեցին վրացական ռազմական անկլավները Լիախվիի դաշտավայրում եւ Վերին Կոդորիում (թեեւ Հարավային Օսեթիայում այժմէական է մնում Ցխինվալի արդյունավետ վերահսկման պահպանումը հեռավոր Լենինոգորսկի շրջանի հանդեպ` հավանաբար, վտանգ կա, որ ժամանակի հետ այն կարող է վերածվել ադրբեջանական զորքերի կողմից գրավված ԼՂՀ Շահումյանի անալոգին): Ինչպես եւ ղարաբաղյան հակամարտության դեպքում, տեղի ունեցավ բնակչության փոխանակում, որ սկսվել էր դեռեւս 1990-ականներին: Վրաստանի ներքին շրջաններից (Քվարելիի, Գորիի, Բորժոմի եւ այլ) օս փախստականների մասին նույնքան հազվադեպ էին հիշում, որքան Ադրբեջանական ԽՍՀ ներքին շրջաններից հայ փախստականների մասին: Փոխարենը, Հարավային Օսեթիայից վրաց փախստականների մասին, հավանաբար, բավականին շուտ կհիշեն` հենց որ սկսեն ճնշման լծակներ որոնել Ռուսաստանի կողմից ճանաչված պետության համար»,-ասել է Արեշեւը:



Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում մի իրավիճակ էր ստեղծվել, որը, հավանաբար, հնարավոր չէր փոխել այլ կերպ, քան վրացական ռազմական խմբավորման ջախջախման արդյունքում, որը բոլոր նախորդ տարիներին ակտիվորեն ավելացվում էր ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի առաքելությունների քողի տակ ձեւականորեն ապառազմականացված շրջաններում: «Եթե ռուսական եւ օսական կողմերը խստորեն պահպանում էին Դագոմիսի պայմանագրերը (մասնավորապես, օսական զրահատեխնիկան կենտրոնացած էր Ջավայում` խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս), ապա վրացական կողմը բացահայտորեն խախտում էր դրանք, չհանդիպելով ոչ մի դիմադրության: Ղարաբաղում իրավիճակը մի փոքր այլ է, ԵԱՀԿ-ի գործառույթները սահմանափակված են կողմերի շփման դիտարկումներով, սակայն Մեթյու Բրայզան անում էր ամեն ինչ հակամարտությունը «ապասառեցնելու» համար` «արեւմտյան խաղաղապահ զորակազմեր» մտցնելու միջոցով: Կասկած չկա, որ եթե Բրայզայի եւ մյուսների ծրագրերը իրականություն դառնային, Ղարաբաղում կստեղծվեր պայթյունավտանգ իրավիճակ, ինչպես դա եղավ օգոստոսի սկզբին Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում, ընդ որում շատ ավելի սեղմ ժամկետներում: Նախկին վրացական ինքնավարությունների, իսկ այժմ Մոսկվայի կողմից ճանաչված անկախ պետությունների տարածքում ամենաարդյունավետ խաղաղապահը ռուսական բանակն է, իսկ Ղարաբաղի գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին` Հայաստանի եւ ԼՂՀ Զինված ուժերը: Մնում է հուսալ, որ Ռուսաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում առավել ակտիվ կդառնա, որը հաշվի կառնի ինչպես ՀՀ եւ ԼՂՀ-ի շահերի ընդհանրությունը տարածաշրջանում, այնպես էլ Հարավային Օսեթիայի շուրջ օգոստոսյան իրադարձությունների արդյունքում ստեղծված նոր իրողությունները: Ամեն դեպքում, Մինսկի խմբի ձեւաչափը լիակատար անարդյունավետություն ցուցաբերեց, եւ բանակցությունները, որի ակտիվ մասնակիցն է պարոն Բրայզան, որը Թբիլիսիում դիմավորում էր «հումանիտար օգնությամբ» ինքնաթիռները, հազիվ թե ինչ-որ քաղաքական իմաստ ունենա, առավել եւս` իրական «ելք»: Բավական է նշել, որ ԱՄՆ-ն, որ դիտարկում է ղարաբաղյան խնդիրը բացառապես իր գլոբալ նպատակների համատեքստում, գերակայում էր բանակցություններում (եթե դա կարելի է այդպես անվանել), իսկ Իրանը իր քաղաքական շահերով, Հարավային Կովկասում պատմական եւ մշակութային կապերով եւ տնտեսական ծրագրերով (այդ թվում Արաքսի շրջանում) նույնիսկ ներկայացված չէր Մինսկի խմբում: Միթե՞ սա անհեթեթություն չէ: Ի դեպ, Իրանի հետ Ռուսաստանի համագործակցության ամրապնդումը կարող է լրացուցիչ խթան ստանալ, նույնիսկ առաջարկություններ են հնչում երկու պետությունների միջեւ ռազմավարական դաշինք կնքելու մասին»,-ասել է Արեշեւը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---