Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ-ը հետաքրքրված է «Կովկասյան պլատֆորմի» ստեղծման թուրքական նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Եվրամիության Խորհրդի ղեկավարությունն իր հետաքրքրությունն է արտահայտում «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման Թուրքիայի նախաձեռնության հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունում: «Դա Թուրքիայի կողմից զգալի ներդրում կլինի Վրաստանի հակամարտության կոնտեքստում նոր իմաստ ստացող տարածաշրջանային կայունության հաստատման, անվտանգության եւ զարգացման գործում»,- հաղորդել են ֆրանսիայի ԱԳՆ-ում:



Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին` թուրքական կողմի նախաձեռնության համաձայն, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ էլ երկխոսության կողմնակից է եղել` որպես տարածաշրջանում անվտանգության, համագործակցության եւ վստահության ամրապնդման երաշխիք, գնահատել է թուրքական նախաձեռնությունը` որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---