Իրանը մտադիր չէ միջնորդի դեր կատարել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության հանգուցալուծման գործում

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր չէ միջնորդի դեր կատարել Հարավային Օսեթիայի դեմ վրացական ագրեսիայի հետեւանքով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած հակամարտության հանգուցալուծման գործում: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոթթակին:



«Մենք չենք պատրաստվում միջնորդ լինել Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ: Միեւնույն ժամանակ տարբեր գաղափարների քննարկումը կարող է նպաստել Կովկասյան տարածաշրջանում ստեղծված ճգնաժամից դուրս գալուն»,-ասել է Մոթթակին, հաղորդում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:



Իրանի նախարարի խոսքերով, Թեհրանն ուշադիր հետեւում է իրավիճակին զգայուն եւ կարեւոր կովկասյան տարածաշրջանում, որտեղ ամեն մի ճգնաժամ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:



Նախօրեին Թեհրանում Մոթթակին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ օտարերկրյա երկրների թերացումներն ու սխալ ազդանշանները ճգնաժամ առաջացրին Հարավային Կովկասում: Իր հերթին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանն ընդգծեց, որ Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի ագրեսիայի հետեւանքով Կովկասում ծագած խնդիրների լուծման համար չի պահանջվում ՆԱՏՕ-ի միջամտությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---