Թուրքիան որոշել է վերջ տալ Ադրբեջանի պատանդի իր կարգավիճակին

PanARMENIAN.Net - Վրաստանի հակամարտությունը կրկին ուշադրությունը ուղղեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որն իր հերթին դրդեց երկու կարեւոր ուղղությունների ակտիվացումը` տարածաշրջանային կայունության Թուրքիայի նախաձեռնությունը եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի կանխման անհրաժեշտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Jane's կենտրոնի փորձագետ, ամերիկացի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: «Առաջին գործոնը վերաբերում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցում թուրքական նոր նախաձեռնությանը` ներառելով բոլոր հնարավոր փոփոխությունները հայ-թուրքական հարաբերություններում, հատկապես Թուրքիայի նախագահ Գյուլի` Երեւան կատարած պատմական այցի պայմաններում: Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ներկայումս շատ ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այդ գործընթացի օժանդակության հարցում, քան նախկինում»,- ասել է նա:



Գիրագոսյանի կարծիքով, առավել նշանակալից է այն, որ Թուրքիան այժմ փոխել եւ առանձնացրել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ղարաբաղյան հակամարտությունից: «Թուրքիան որոշել է Հայաստանի հետ հարաբերություններում վերջ տալ Ադրբեջանի պատանդի իր կարգավիճակին: Դա պետք է գնահատվի որպես շատ համարձակ քայլ Թուրքիայի կողմից: Հայաստանի շրջափակումը նույնպես անհաջողության մատնվեց, իսկ թուրքական արտաքին քաղաքականությունը ոչինչ չշահեց` կիսելով Բաքվի տեսակետը: Այժմ Թուրքիան վերադառնում է ճկուն արտաքին քաղաքականությանը, իսկ Հայաստանը կարող է նոր հնարավորություններ ստանալ տնտեսության մեջ, որի կարիքը նա ունի, որպեսզի կախում չունենա Վրաստանից էներգիայի արտահանման եւ ներկրման գլխավոր ուղուց»,- ընդգծել է փորձագետը:



Նա նշել է նաեւ, որ երկրորդ միտումը նոր մտավախություններն են` կապված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու հնարավորության հետ: «Վրացական հակամարտությունը եւ դրան հաջորդած ռուսական ներխուժումը միայն ավելացրեցին կայունության պահանջը եւ ցույց տվեցին շատ արագ «տաքացող» այսպես կոչված «սառեցված» հակամարտությունների վտանգը: Եւ տարածաշրջանային անվտանգության համար ամենամեծ վտանգն է ներկայացնում այն փաստը, որ Ադրբեջանը կարող է վերջնական արդյունքում հաջողել տարածաշրջանում ամենահզոր բանակի ստեղծման գործում: Անգամ առավել մեծ անհանգստություն է առաջ բերում այն փաստը, որ Ադրբեջանը զանազան դասեր է քաղել Վրաստանի հակամարտությունից: Ադրբեջանցի առաջատար պաշտոնյաները գտնում են, որ վրացական ամենալուրջ սխալը Հարավային Օսիան բռնի ուժով վերադարձնելու փորձը չէր. այդ սխալը մարտավարական բնույթ ուներ: Բաքվի կարծիքով, Թբիլիսին պետք է ամբողջությամբ նախապատրաստվեր եւ ավելի ուժեղ դառնար: Այդպիսով, ադրբեջանական դիրքորոշումը թելադրում է սպասել, միչեւ իրենք բավականաչափ ուժեղ կդառնան եւ պատրաստ կլինեն Ղարաբաղը վերադարձնելու համար պատերազմ վարել»,- ասել է Ռիչարդ Գիրագոսյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---